Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ընդունել է Ավստրիայի թվայնացման և տնտեսական հարցերի դաշնային նախարարության տնտեսական հարցերի, նորարարության և միջազգային քաղաքականության գլխավոր տնօրեն, տնտեսական համագործակցության հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Ֆլորիան Ֆրաուշերի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավոր տարբերակները, կարևորվել է փորձի փոխանակումը, մասնավորապես՝ քաղաքացիների զբաղվածության ապահովման և մասնագիտական կարողությունների զարգացման տեսանկյունից։
Քննարկվել է նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխըմբռնման հուշագիր մշակելու հնարավորությունը, որը պատշաճ հարթակ կստեղծի երկու երկրների միջև ոլորտային համագործակցությունը խորացնելու և առավել արդյունավետ դարձնելու համար։
Ներկայացնելով աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ Ռուբեն Սարգսյանը որպես առաջնահերթություն է նշել մարդկային կապիտալի զարգացումն ու գործազրկության կանխարգելման մեխանիզմների կատարելագործումը։ Նախարարի տեղակալը կարևորել է նաև ավստրիական կողմի հետ համատեղ ուսումնական և հետազոտական ծրագրերի իրականացումը։
Սարգսյանի խոսքով՝ ներկայումս Ավստրիայի հետ ոլորտային համագործակցությունը ընթանում է Արցախից տեղահանված անձանց հումանիտար աջակցության տրամադրման և զբաղվածության ապահովման ուղղություններով։
Ֆլորիան Ֆրաուշերը պատրաստակամություն է հայտնել փորձի փոխանակման և համագործակցության այլ ձևաչափերով նպաստել ոլորտային առաջընթացին ու զարգացմանը։ Վերջինիս խոսքով՝ առկա են կայուն և փոխշահավետ համագործակցության համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկված ծրագրերը գործնական տիրույթ տեղափոխել և փորձի փոխանակման արդյունքում ստացված գիտելիքն օգտագործել հօգուտ երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման։