ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում հիշեցրեց, որ աշխատանքային այցով Հայաստանում էին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը: Նրանք հանդիպել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Քննարկման առանցքում եղել է տարածաշրջանի կոմունիկացիաների բացման և երկաթուղու կառուցման հարցը:
«Շատ կարևոր առանձնահատկություն ունի այս այցը: Մենք շատ մոտ ենք արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները: Երեկվա այցն ամբողջությամբ եղել է գործնական և նվիրված է եղել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին: Այդ թեմայով արդեն պայմանավորվածություններ ձեռք ենք բերել, մենք պետք է այդ երկաթուղին կառուցենք, և երկաթուղին պետք է գործի Հայաստանի տարածքում ՀՀ օրենսդրության շրջանակներում, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ հիմա քննարկվում են տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման ու շինարարության մեկնարկի, ֆինանսավորման հարցերը:
«Որևէ դեպքում իրադարձություններից առաջ անցնել պետք չէ, բայց այս դինամիկայով շարունակվելու պարագայում կարող ենք վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունն իրագործելը դառնում է առարկայական: Քանի դեռ երկաթուղին չի կառուցվել, և առաջին գնացքը չի անցել, միշտ պետք է մտքում ունենալ, որ իրադրությունը սովորական չէ, բայց այն քաղաքական կամքը, որ արտահայտում ենք, արդեն ստանում է կոնկրետ դրսևորումներ»,- ասաց Փաշինյանը: