ԱՄՆ-ՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Դրական ազդակ ենք համարում պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարությունը Մինսկի համաձայնությունների լիակատար իրականացման անհրաժեշտության մասին, նշված է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության հայտարարության մեջ։
Դիվանագիտական ներկայացուցչությունն ուշադրություն է հրավիրել փաստին, որ ձեռք բերված պայմանավորվածությունները խափանելու համար փորձում են մեղադրել Մոսկվային:
«Հերթական անգամ հիշեցնում ենք, որ Ռուսաստանը հակամարտության կողմ չէ։ Ուստի գլխավոր խնդիրն է՝ ստիպել Ուկրաինայի իշխանություններին կատարել իրենց պարտավորությունները։ Կիևի հետ աշխատանքում Վաշինգտոնից ակնկալում ենք հստակ գործողություններ»։
Նշվում է նաև, որ ամերիկյան զենքի մատակարարումները Կիևին դրդում են խնդրի ռազմական լուծման։
ԱՄՆ-Ը ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՉԻ ՈՐԱԿՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱ ՌԴ ՀՆԱՐԱՎՈՐ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժումն այլևս չի բնութագրում «անխուսափելի», թեև կարծում է, որ դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Սակին։
«Այդ բառի պատճառով այնպիսի կոնտեքստ էր ստեղծվում, որը մենք նկատի չունեինք։ Տպավորություն էր, թե մենք գիտենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն Ուկրաինա ներխուժելու որոշում է կայացրել»,- հավելել է նա:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՆՈՐ ԱԹՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ. ԱԼԹՈՒՆ
Ուկրաինան մտադիր է Թուրքիայից նոր անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել, հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը։
«Ուկրաինայի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարի ավելացել է 59%-ով՝ հասնելով 7,1 մլրդ դոլարի: Ոլորտներից մեկը, որտեղ առաջընթաց է գրանցվել, ռազմարդյունաբերությունն է»,- ասել է նա՝ հավելելով, որ Ուկրաինան արդեն ձեռք է բերել թուրքական 12 անօդաչու թռչող սարք։
Ալթունը հայտարարել է նաև, որ Թուրքիան չի հրաժարվի Ուկրաինայի հետ զենքի մատակարարումների ծրագրած գործարքներից՝ չնայած Ռուսաստանի դժգոհությանը:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-ԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԷ
Երկրներն իրավունք ունեն ընտրելու՝ որ միության կազմում ընդգրկվել, սակայն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այս պահին օրակարգում չէ, հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը։
«Ընդհանուր առմամբ, ցանկացած պետություն իրավունք ունի անդամակցություն խնդրել պաշտպանական դաշինքում, վերջինս էլ ազատ է որոշում կայացնելու հարցում: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նմանատիպ հարցին օրեր առաջ պատասխանել էր, որ Ուկրաինայի անդամակցության հարցը քննարկման փուլում չէ»,- ընդգծել է պաշտոնյան:
ՀՈՒՍՈՎ ԵՄ՝ ՊԵԿԻՆԻ ՕԽ-Ն ԿՀԻՇԵՑՆԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ԳՈՒՏԵՐԵՇ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հույս է հայտնել, որ Պեկինում փետրվարի 4-20-ն անցկացվող Օլիմպիական խաղերի ոգին կհիշեցնի մարդկությանը համերաշխության մասին և «շողարձակող նշան» կդառնա բոլորի համար:
«Ցանկանում եմ, որ այդ ոգին դուրս գա Օլիմպիական խաղերի շրջանակից և հիշեցնի մեզ, որ մենք բոլորս մեկ ընտանիք ենք»,- նշել է նա։
Գլխավոր քարտուղարը հավելել է, որ խաղաղության, համընդհանուր բարեկեցության և մարդու իրավունքների ամրապնդման ճանապարհին «սահմաններ չկան»: