ԱՄՆ զինված ուժերը Սիրիայի հյուսիս-արևմուտքում գործողություն են իրականացրել, որի արդյունքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի Ալ-Քուրեյշին: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Իմ հրամանով ԱՄՆ զինված ուժերը հաջողությամբ իրականացրել են հակաահաբեկչական գործողություն՝ ամերիկացիների և մեր դաշնակիցների պաշտպանության, ինչպես նաև աշխարհում անվտանգության ամրապնդման նպատակով»,- ասված է Բայդենի հայտարարության մեջ:
*****
Եվրամիությունն աշխատում է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի՝ կառույցի անդամ երկրներին ուղարկված նամակին համատեղ պատասխանի ուղղությամբ՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Մեր պատասխանը կարտացոլի Եվրամիության միասնությունը»,- նշել է նա՝ ընդգծելով խաղաղ ճանապարհով հարցը լուծելու անհրաժեշտությունը։
*****
ԱՄՆ-ից Ուկրաինա զինամթերք տեղափոխող բեռնատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիևի Բորիսպոլ միջազգային օդանավակայանում՝ հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը։ «Սա ամերիկյան յոթերորդ ինքնաթիռն է, այս անգամ՝ 85 տոննա մարտական զինամթերք՝ նռնականետերի համար»,- գրել է նա Twitter-ի միկրոբլոգում։
Նախարարը վստահեցրել է, որ սա վերջին խմբաքանակը չէ։ Ռազմական նշանակության առաջին բեռը Ամերիկայից Ուկրաինա է տեղափոխվել հունվարի 22-ին։
*****
Տյառնընդառաջի տոնին ընդառաջ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Հայ կաթողիկե համայնքի հոգևոր առաջնորդ Ռաֆայել Պետրոս 21-րդ Կաթողիկոս Պատրիարքը հաստատել են Եկեղեցական ամբողջական Հաղորդությունը։ Հռոմի սրբազան քահանայապետը 2021թ. սեպտեմբերի 23-ի կոնդակով հաստատել է Հռոմի Եկեղեցու և Հայ Կաթողիկե նորընտրյալ Կաթողիկոս Պատրիարքի և նրա Նվիրապետության ու ժողովրդի միջև Սուրբ Հաղորդությունը: Եկեղեցական ավանդության համաձայն՝ նորընտիր Կաթողիկոս Պատրիարքն իր ընտրության օրը Քահանայապետին ներկայացրել է հավատացյալներին Հաղորդություն շնորհելու խնդրանք:
*****
Եվրոպան բացառիկ հնարավորություն ունի վերահսկելու կորոնավիրուսի տարածումը և նույնիսկ հաղթահարելու համավարակը՝ պատվաստումների և նոր «Օմիկրոն» շտամի հանդեպ իմունիտետի շնորհիվ՝ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։ «Հնարավորություն ունենք բնակչությանը պաշտպանելու կրկնավարակից նույնիսկ ավելի վտանգավոր շտամների հայտնաբերման դեպքում»,- ընդգծել է նա։ Կլյուգեի խոսքով՝ բարենպաստ գործոն է նաև ձմռան մոտալուտ ավարտը։ «Տևական հաղթանակի համար հարկավոր է շարունակել պատվաստման և վերապատվաստման գործընթացը, հետևել նոր շտամների առաջացման դինամիկային»,- հավելել է նա: