ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում, Բաբկեն Թունյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Գազալցակայաններում և բենզալցակայաններում պարբերաբար անցկացված ստուգաչափումների արդյունքում համապատասխան տեսչական մարմնի կողմից բացահայտվել են տնտեսվարողների իրականացրած անթույլատրելի միջամտություններ և թերի լիցքավորումներ: Դրանց բացառման նպատակով վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում առկա լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակները պետք է կահավորված լինեն Կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմի» ռեգիստրով:
Պատգամավորները, ողջունելով նախաձեռնությունը, ներկայացրել են իրենց մտահոգությունները և դիտողությունները: Կարևորվել են սպառողների իրավունքների լիարժեք պաշտպանությունը, ոլորտում թափանցիկ գործունեությունը:
Որոշվել է նախաձեռնությունը լրամշակելու նպատակով քննարկումը հետաձգել մինչև երկու ամիս ժամկետով: