Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տնտեսական մրցակցության կանխման, սահմանափակման, արգելման և սպառողների շահերի վնասման հնարավոր դեպքերը պարզելու, ՀՀ-ում բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր ապահովելու նպատակով իրականացնում է ոլորտային ուսումնասիրություններ, որոնց միջոցով հսկողություն է իրականացվում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթների պահպանման նկատմամբ:
Յուրաքանչյուր տարի իրականացվում է նվազագույնը 5 ոլորտային ուսումնասիրություն։ Ոլորտների ընտրությունն իրականացվում է՝ հաշվի առնելով ապրանքի կամ ծառայության լայն սպառումը, սոցիալական կարևոր նշանակությունը կամ տվյալ պահին առավել արդիական լինելու հանգամանքը։
2021 թվականին հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել հետևյալ 5 ոլորտներում՝
1. Թռչնամիս
2. Ախտորոշիչ ծառայություններ
3. Դեղեր
4. Առևտրային ցանցեր
5. Կաթ և կաթնամթերք
Թռչնամսի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության շրջանակում հիմնականում դիտարկվել են ինչպես ներմուծվող, այնպես էլ ՀՀ տարածքում արտադրվող թռչնամսի շրջանառության ամբողջ շղթան, ձեռքբերման և արտադրական գործընթացները, ոլորտի իրավական կարգավորումները, սակագնային քվոտայի ազդեցությունը շուկայի վրա, ինչպես նաև միջազգային միտումները։
Ախտորոշիչ ծառայությունների տեսանկյունից տարաջատվել են ճառագայթային, լաբորատոր և ներզատական ախտորոշումները։ Հիմնական ուսումնասիրությունն իրականացվել է ճառագայթային ախտորոշման ոլորտում, որն էլ իր հերթին բաժանվել է ցածր տեխնոլոգիական և բարձր տեխնոլոգիական ծառայությունների։ Առավել մանրամասն դիտարկվել են համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) և ռադիոիզոտոպային հետազոտությունների գները, պետության կողմից տրվող փոխհատուցումները և ոլորտում առկա մուտքի խոչընդոտները։
Դեղերի շրջանառության ոլորտում առանձնացվել են սրտային հիվանդությունների ժամանակ օգտագործվող վազոդիլացնող և այլ դեղամիջոցները, դիտարկվել է իրացման ամբողջական շղթան, ինչպես նաև վերլուծվել է ոլորտում գործող խոշոր տնտեսվարող սուբյեկտների վարքագիծը, ոլորտը կարգավորող իրավական դաշտը։
Առևտրային ցանցերի գործունեության ոլորտում ուսումնասիրվել են առևտրային ցանցերի և մատակարարների միջև առկա փոխհարաբերությունները, դիտարկվել են առավել շատ սպառվող ապրանքների մասով առևտրային ցանցերի բանակցային ուժեղ դիրքի հնարավոր դրսևորումները, ինչպես նաև վերլուծվել է խոշոր առևտրային ցանցերի վարքագիծը։
Կաթնամթերքի շուկայում դիտարկվել է կաթի մթերման և կաթնամթերքի արտադրության շղթան, կաթ մթերողների հնարավոր ազդեցությունը կաթի մթերման պայմանների վրա։
Ուսումնասիրվող ոլորտների վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու, ինչպես նաև մրցակցային խնդիրները վեր հանելու նպատակով հանդիպումներ են կազմակերպվել ինչպես տնտեսվարող սուբյեկտների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց հետ, քննարկվել են վերջիններիս բարձրացրած խնդիրները, հարցումներ են իրականացվել սպառողների շրջանում։
Նշված ոլորտների վերաբերյալ վերլուծությունների արդյունքներն առավել մանրամասն կհրապարակվեն առաջիկայում: