Արցախի ՔԿ-ից տեղեկացնում են՝ 2021 թ. դեկտեմբերի 4-ին հաջորդաբար տեղեկություններ էին տարածել ազգային ատելության շարժառիթով Ադրբեջանի Հանրապետության մի խումբ զինծառայողների կողմից 2021 թ. դեկտեմբերի 3-ին Արցախի Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածքից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ նշված վայրում անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ՝ 1956 թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանին բացահայտ առևանգելու և Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ մարտական դիրք տեղափոխելու ու ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ կյանքից զրկելու
հանցադեպի մասին:
Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում
պարզվել է, որ Սեյրան Սարգսյանին սպանած անձը Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայող, շարքային Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին է:
Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով և Արցախի քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման համար 2022 թ. փետրվարի 1-ին Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին հարուցելու միջնորդությունը ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից բավարարվել է:
Մեղադրյալ Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլու նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է: