«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշել է, որ երբ ստուգման ընթացքը կասեցվում է օրենքով սահմանված կարգով, ապա պետք է երկարաձգվի նաև վաղեմության ժամկետի ընթացքը: Սակայն օրենքով սահմանված չէ, թե որքան պետք է երկարաձգվի այդ ժամկետը: Առաջարկվում է երկարաձգել կասեցման ժամանակահատվածում ներառված աշխատանքային օրերի քանակի չափով:
Նախատեսվում է հարկ վճարողներին հնարավորություն տալ ստուգման կամ ուսումնասիրության ընթացքը կասեցված լինելու դեպքում ներկայացնել ստուգվող (ուսումնասիրվող) հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ:
Հորիզոնական մոնիթորինգի համակարգին վերաբերող դրույթն առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել, քանի որ ընդունումից հետո մինչ օրս որևէ հարկ վճարող այդ համակարգից օգտվելու ցանկություն չի հայտնել: Արթուր Մանուկյանի խոսքով՝ համակարգը կարելի է փոխարինել համապատասխան գործիքակազմի կատարելագործմամբ և հարկային կարգապահությանն ուղղված այլ միջոցառումներով:
Գործադիրն առաջարկելու է նաև, որ 1000 խոշոր հարկ վճարողների հրապարակման պահանջը չվերաբերի պետական մարմիններին և համայնքային կառավարչական հիմնարկներին: Նախաձեռնությունը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: