Գործակցության հուշագրեր զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտներում: Տեղի է ունեցել հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստն ու հայ-ավստրիական գործարար համաժողովը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ համաժողովը լավ առիթ է` երկու երկրների տնտեսական հարաբերություններում առկա մակարդակը խորացնելու համար:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Հայաստանն ունի որոշակի տնտեսական առավելություններ և ձեռքբերումներ վերջին տարիներին և հատկապես նորարարական տեխնոլոգիաների ոլորտում:
Արարատ Միրզոյանը վստահեցրեց՝ Հայաստանում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ բիզնեսի համար բարենպաստ միջավայր ապահովելու համար՝ հիշեցնելով, որ Հայաստանը 180 միլիոնանոց շուկայով ԵԱՏՄ անդամ է, և բիզնեսը կարող է օգտվել նաև դրանից։ Երկու երկրների առջև գործակցության նոր դռներ են բացվել, և այդ առումով բիզնեսը պետք է առաջնագծում լինի՝ նշում է Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարը:
Ալեքսանդր Շալենբերգ (Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար) - Այսօր նոր էջ է բացվել Հայաստանի և Ավստրիայի հարաբերություններում: Երկու հուշագիր ստորագրվեց զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտներում, որոնք գործակցության լավ մեկնարկի մասին են խոսում:
Զբոսաշրջությունից մինչև էներգետիկա, բանկային ոլորտ և տեղեկատվական տեխնոլոգիաներ: Այս ոլորտները չեն միայն, որ հետաքրքրում են ավստրիացի գործարարներին:
Ֆլորիան Ֆրաուշեր (միջկառավարական հանձնաժողովի համանախագահ) - Մեծ ներուժ ենք տեսնում հայ-ավստրիական գործնական կապերը զարգացնելու համար բազմաթիվ ոլորտներում: Դրանցից մեկը, օրինակ, վերականգնվող էներգետիկան է, որով ավստրիական կողմը շատ է հետաքրքրված: Հետաքրքրությունների կենտրոնում են նաև գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և թվայնացումը:
Ավստրիական երկու տասնյակ ընկերությունների ներկայացուցիչներ Հայաստանում են հայ գործընկերների հետ քննարկելու գործակցության հնարավորությունները: Կարեն Ամռայնեռը ներկայացնում է եվրոպական խոշոր հաստոցաշինական ընկերություններից մեկը: Նրա խոսքով՝ Հայաստանում առկա են բոլոր հնարավորությունները բիզնեսի համար:
Կարեն Ամռայնեռ («Ֆելդեր գրուպ» ընկերության ներկայացուցիչ) - Հայաստանը վերջին երկու տարում բացել է դռները բիզնեսի համար:
Կրթական և տեղեկատվական տեխնոլոգիաներ: Այս ոլորտներում ևս հայազգի գործարարը հնարավորություններ է տեսնում:
Բիզնես ֆորումի շրջանակում գործակցության առաջին պայմանագիրն արդեն կնքված է: Ավստրիական ներդրումով Ապարանում լեռնադահուկային նոր համալիր և ճոպանուղի կկառուցվեն: Ներդրվելու է 24 միլիոն եվրո:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան