Հեպատիտը հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է լյարդը: Աշխարհում այսօր 71 միլիոն քրոնիկ վարակված կա: Ամեն տարի արձանագրվում է վիրուսային Հեպատիտ Ց-ի շուրջ 2 միլիոն նոր դեպք: Տարեկան կես միլիոն մարդ էլ մահանում է լյարդի հիվանդություններից:
Հասմիկ Ղազինյան, «Հայկական լյարդաբանական ասոցիացիայի» նախագահ - Վարակման մեխանիզմը ոչ անվտանգ բժշկական միջամտություններն են՝ վիրաբուժական, ատամնաբուժական, գինեկոլոգիական և ինչու ոչ՝ նաև կոսմետոլոգիական և, իհարկե, ներերակային թմրանյութի օգտագործումը:
Հայաստանում Հեպատիտ Ց-ով վարակված 68 հազար մարդ կա: Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս միայն 10 տոկոսն է իրազեկված իր ունեցած վիրուսի մասին:
Նարինա Սարգսյանց, ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու - Հայաստանում Հեպատիտ Ց-ի տարածվածությունը կազմում է 4 տոկոս: Համարվում է, որ նրանց 70 տոկոսն ունի վիրուս:
Հեպատիտ Ց-ն այսօր բուժվող հիվանդություն է, բուժման հավանականությունը՝ 95 տոկոս: Մեր երկիրը նպատակ է դրել մինչև 2030-ը Հեպատիտ Ց-ն էլիմինացնել, այսինքն՝ հիվանդությունը կտրուկ նվազեցնել:
Հասմիկ Ղազինյան - Զրոյացում չի լինի, բնականաբար, խիստ նվազեցում պետք է լինի: Ինչպե՞ս՝ սքրինինգային ծրագրերի միջոցով հայտնաբերելով լատենտ ընթացող վիրուսին, հայտաբերելով ինֆեկցվածին:
2020-ին մեր երկրում մեկնարկել է հակավիրուսային անվճար բուժման պետական ծրագիր: Պետպատվերի շրջանակում տրամադրվում են Հեպատիտ Ց-ի բուժման դեղերը: Արդեն բուժված է համարվում 1500-ից ավելի պացիենտ:
Նարինա Սարգսյանց - Առողջապահության նախարարությունն ընտրեց ռազմավարություն, ենթադրում է տարեկան 1000 պացիենտի բուժում: Մենք պետք է ունենանք նպատակ՝ առնվազն 1500-1650 դեպք պետք է հայտնաբերվի, որպեսզի այդ նպատակներին հասնենք:
Սկզբնական շրջանում սահմանափակում կար. բուժում ստանում էին միայն այն պացիենտները, որոնց հիվանդությունը խորացած էր, 2021-ի օգոստոսից սահմանափակումը հանվել է: