Փետրվարի 3-ին Երևանում կայացել է հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 8-րդ նիստը։
Հայկական կողմից միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ավստրիական կողմից՝ Ավստրիայի թվայնացման և գործարար կապերի դաշնային նախարարության տնտեսական հարցերի, նորարարության և միջազգային քաղաքականության գլխավոր տնօրեն, ավստրիական կողմի համանախագահ Ֆլորիան Ֆրաուշերը։
Նիստի աշխատանքներին մասնակցել են երկու երկրի պետական կառույցների ներկայացուցիչներ։ Հանձնաժողովի նիստի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել հանձնաժողովի հայկական և ավստրիական կողմի համանախագահները։
Երկուստեք նշվել է, որ հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը գործնական հարթակ ու հիանալի առիթ է՝ բացահայտելու և կանոնավոր հիմքերի վրա դնելու երկկողմ կապերի նոր հնարավորությունները բազմաթիվ ոլորտներում։
«Հայաստանի և Ավստրիայի երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ են պարունակում, և ես վստահ եմ, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում նոր հեռանկարներ կբացվեն գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկությունների, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման համար»,- ողջունելով հյուրերին՝ նշել է փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։
Հանձնաժողովի ավստրիական կողմի համանախագահ Ֆլորիան Ֆրաուշերը նշել է․
«Ավստրիան և Հայաստանն ունեն գերազանց բարեկամական հարաբերություններ, և ավստրիական կողմը մեծապես հետաքրքրված է այս կապերն ամրապնդելու գործընթացով»։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն իր խոսքում անդրադարձել է հայ- ավստրիական համագործակցությանը հատկապես գյուղատնտեսության ոլորտում՝ «Ավստրիայի հետ համագործակցությունը Ավստրիական զարգացման գործակալության միջոցով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում յուրահատուկ նշանակություն ունի, քանի որ այն այսօր որդեգրել է ապագայի գյուղատնտեսության մոտեցումները, այն է՝ կայուն, օրգանական գյուղատնտեսությունը, որը ոչ միայն նպաստում է նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով բերքատվության և եկամուտների բարձրացմանը, այլև խթանում է բնական ռեսուրսների՝ հողի, ջրի խնայողաբար օգտագործումը»։
Հանձնաժողովի նիստի ընթացքում ողջունի խոսքով հանդես են եկել նաև Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և այլ պաշտոնատար անձինք։
Միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում քննարկվել են առևտրի, արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, էներգետիկայի, թվայնացման, առողջապահության, շրջակա միջավայրի, ՓՄՁ, մտավոր սեփականության, նորարարության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է նիստի արձանագրությունը, որով սահմանվել են հետագա համագործակցության ուղղություններն ըստ ոլորտների:
Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում Երևանում փետրվարի 3-ին կազմակերպվել է B2G և B2B ձևաչափով հայ-ավստրիական գործարար համաժողով, որին մասնակցել են երկու երկրների գործարար համայնքի ավելի քան 100-ից ավելի ներկայացուցիչներ:
Համաժողովին իր ողջույնի խոսքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ հայ-ավստրիական գործարար համաժողովը հնարավորություն կընձեռի հանգամանալից ծանոթանալ երկու երկրների ներդրումային հնարավորություններին և կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ գործարար կապերի հաստատմանը։
Գործարար համաժողովին ելույթ են ունեցել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը։
«Այս համաժողովն իսկապես հրաշալի առիթ է հայ-ավստրիական տնտեսական հարաբերություններում առկա մակարդակը ֆիքսելու, այն ավելի խորացնելու, փոխշահավետ նոր գործարար կապեր հաստատելու և, ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները նոր որակի բերելու համար։
Մենք հնարավորություն ունենք ուղենշել տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացմանն ուղղված մեր քայլերը, և այս տեսանկյունից մեծապես ողջունելի է տարբեր ոլորտներ ներկայացնող ավստրիական ընկերությունների մասնակցությունն այս համաժողովին»,- ողջունելով գործարար համաժողովի մասնակիցներին՝ նշել է Արարատ Միրզոյանը։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի ապահովվի անհրաժեշտ բարենպաստ միջավայրը, որտեղ տնտեսական հարաբերություններն ու բիզնես կապերը կարող են իրենց հարմարավետ զգալ։ Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը իր ելույթում կարևորել է հայ-ավստրիական նման խոշոր գործարար համաժողովի կազմակերպումը։
«Մենք՝ քաղաքական գործիչներս, կարող ենք միայն դռներ բացել, միայն օրակարգեր ձևավորել, կարող ենք հետաքրքրվածություն առաջացնել, սակայն ի վերջո բիզնեսները, ընկերությունները պետք է առաջնագծում լինեն և զարգացնեն այս հարաբերությունները, և, կարծում եմ, այս միջոցառումը նրանց համար շատ ոգևորիչ հնարավորություն է»։
Գործարար համաժողովի շրջանակում հայկական և ավստրիական կողմերի միջև ստորագրվել է երկու հուշագիր։ Առաջին` փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է Myler Mountain Resort և Doppelmayr Seilbahnen ընկերությունների միջև, որով Doppelmayr Seilbahnen ընկերությունը 2022 թվականի ընթացքում կմատակարարի ճոպանուղու կաբելային խցիկներ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ համայնքում լեռնադահուկային համալիրի կառուցման նախագծի շրջանակում:
«Սա կարևոր ներդրումային ծրագիր է մեզ համար և մենք ուրախ ենք, որ այս հուշագրի ստորագրմամբ արդեն անցում ենք կատարում նախագծի իրագործման գործնական քայլերին. լիահույս եմ, որ մենք շուտով կունենանք նոր լեռնադահուկային համալիր Հայաստանում»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը: Երկրորդ՝ համագործակցության մասին հուշագրով International Power Corporation և Voith Hydro ընկերությունները նախատեսում են համագործակցել Սևան-Հրազդան կասկադի վերականգնման ուղղությամբ։ Հուշագրի պայմաններն ու մանրամասները կողմերը նախատեսում են քննարկել ավելի ուշ։