ԱՄՆ-Ն ՈՒ ՊԵՆՏԱԳՈՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԻՍԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է, որ իսպանական El País թերթում հրապարակված փաստաթղթերն իսկապես Վաշինգտոնի գրավոր պատասխանն են անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին, հայտնել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք չենք հրապարակել այդ փաստաթղթերը, սակայն այժմ կարող ենք հաստատել այն, ինչ միշտ ասել ենք: Մենք միասնական ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ և կողմ ենք բաց ու կառուցողական դիվանագիտական ջանքերին», - նշել է Փրայսը։
Պենտագոնը նույնպես հաստատել է հրապարակված փաստաթղթերի իսկությունը։ «Այդ նյութերը մենք չենք հրապարակել»,- ասել է կառույցի խոսնակ Ջոն Քիրբին՝ հավելելով, որ ԱՄՆ իշխանությունները վճռական են Ռուսաստանի հետ եվրոպական անվտանգության հարցերը փոխադարձության սկզբունքով լուծելու հարցում։
Նախօրեին իսպանական հրատարակությունը տարածել էր փաստաթղթեր, որոնք պարունակում էին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխաններն անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին։ Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ռուսաստանի հետ քննարկել Եվրոպայում անվտանգության հարցերը, սակայն համաձայն չեն Մոսկվայի հիմնական պահանջներին:
ԿԱՅԱՑԵԼ Է ՊՈՒՏԻՆ-ՋՈՆՍՈՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են, որ Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակի վատթարացումը չի բխում կողմերից որևէ մեկի շահերից։ «Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է դիվանագիտական ճանապարհով հարցը կարգավորելու կարևորությունը»,- ասված է վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ:
Կրեմլի մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ Ջոնսոնի հետ զրույցում Պուտինը նշել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ համարժեք արձագանքելու անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի մտահոգություններին։ «Ղեկավարները մտքեր են փոխանակել Ուկրաինայում իրավիճակի և Ռուսաստանի անվտանգության երկարաժամկետ, իրավականորեն ամրագրված երաշխիքներ ապահովելու համատեքստում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Երկու երկրի ղեկավարները ողջունել են նաև Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև երկխոսությունը մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ կլիմայի փոփոխության, Աֆղանստանում ստեղծված իրավիճակի և իրանական միջուկային գործարքի ուղղությամբ:
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Թուրքիան վերահաստատում է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա զարգացման հանձնառությունը, ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։
«Թուրքիան աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- փոխանցել են գերատեսչությունից։
Նշվում է, որ բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի 10-րդ նիստի անցկացումը, որը տեղի կունենա այսօր Կիևում՝ Թուրքիայի նախագահի մասնակցությամբ, կնպաստի երկկողմ համագործակցության ոլորտների ընդլայնմանն ու խորացմանը: Ակնկալվում է, որ կողմերը մի շարք համաձայնագրեր կստորագրեն: Ռեջեփ Էրդողանը Ուկրաինայի ղեկավարության հետ կքննարկի նաև երկրի շուրջ ստեղծված իրավիճակը։
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՆՑԼԵՐԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԲԱՑՄԱՆԸ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ չի պատրաստվում մասնակցել Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին, որոնք կանցկացվեն փետրվարի 4-20-ը։ Գերմանիայի կառավարության ղեկավարը երկար ժամանակ հրաժարվում էր պատասխանել հարցին՝ կմասնակցի՞ արդյոք Ձմեռային խաղերին։ Ավանդաբար միջոցառմանը մասնակցում է Գերմանիայի կանցլերը կամ արտաքին գործերի նախարարը:
Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին արդեն հայտարարել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Դանիան, Նիդերլանդները, Բելգիան և Լիտվան։ Պատճառը Չինաստանին վերագրվող զանգվածային ռեպրեսիաները և ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումն են։