Արցախի տեղահանված համայնքների բնակիչների համար նոր բնակավայրերի շինարարությունը լայն թափով շարունակվում է: Ավետարանոց գյուղի համար հոկտեմբերից նոր թաղամաս է կառուցվում Այգեստանի վարչական տարածքում՝ հատկացվել է 31,5 հա տարածք: Ծրագիրն իրականացվում է Արցախի պետական միջոցներով:
Նաիրի Սարգսյան (շինարարության պատասխանատու) - 254 տան վրա պատրաստվում ենք աշխատանքներ կատարել: Արդեն 10 տոկոս տների վրա սկսվել են աշխատանքները՝ ճշգրիտ հաշվարկներով, պրոֆեսիոնալ կազմով աշխատանքը ստուգվում է տեխհսկիչների կողմից:
Արցախի քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ շինարարության ընթացքին ծանոթացել է նախագահ Արայիկ Հարությունյանը: Առանձնատները հիմնականում 3 և 4 սենյականոց են: Յուրաքանչյուր ընտանիք կունենա 1200 քմ տնամերձ հողամաս:
Նաիրի Սարգսյան - Նախատեսվում է մեծ ադմինիստրատիվ շինություն, որը կլինի գյուղապետարան, առանձին բուժհաստատություն, առանձին մարզահրապարակ, ունի նաև մանկապարտեզ:
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների համար առանձնատներ են կառուցվում Հովսեփավանում:
Բարերար Սերգեյ Համբարձումյանը ֆինանսավորում է բոլոր 92 տան շինարարությունը, որի ավարտը նախատեսվում է տարեվերջին:
Անդրեյ Գաբրիելյան (շինարարության պատասխանատու) - 92 տնից 77-ի հիմքերն ավարտված են, աշխատանքները կատարվում են պատերի վրա, 37-ի պատերն արդեն շարված են, 13 տուն արդեն տանիքածածկ է: Սկսել ենք ներքին հարդարման աշխատանքները:
Արդեն մեկ տարի շարունակվում է Աստղաշենի նոր թաղամասի շինարարությունը: Նախագծով նախատեսվում է 211 տուն կառուցել, որից 176-ը՝ Ասկերանից տեղահանված 4 համայնքի` Սղնախի, Ջրաղացների, Մադաթաշենի և Մոշխմհատի համար: Այստեղ կառուցվում են 2,3, 4 և 5 սենյականոց տներ:
Համլետ Բաբայան (աշխղեկ) - 73 քառակուսի մետրից մինչև 106 քառակուսի մետր մակերեսով բնակելի տարածքով:
Նորակառույց թաղամասում այգիներ և ջերմոցներ կլինեն, որ բնակիչները զբաղվածություն և մշտական եկամուտ ունենան: Ի դեպ, համայնքի բնակիչների մի մասը մասնակցում է շինարարությանը:
Եղիշե Ղահրամանյան (Արցախի Սղնախ համայնքի ղեկավար) - Բոլոր ստանդարտներին համապատասխան կատարվում է շինարարությունը: Համայնքների ղեկավարները վերահսկում են աշխատանքի որակը:
Նորագյուղի վարչական տարածքում էլ մեկնարկել է տեղահանված Քարինտակ համայնքի բնակիչների համար նոր թաղամասի կառուցումը: Շինարարները վստահեցնում են՝ հարևանությամբ շուտով կմեկնարկեն օկուպացված Հադրութի շրջանի Ազոխ և Դրախտիկ համայնքներից տեղահանվածների համար բնակարանաշինական նոր ծրագրերը: