ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է մարզպետարանի ենթակայությամբ գործող Մեծամորի և Արմավիրի բժշկական կենտրոններ: Տնօրենների և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետը շրջել է բուժհաստատություններում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, իրականացված և նախատեսվող ծրագրերին:
Մեծամորի բժշկական կենտրոնում Էդվարդ Հովհաննիսյանին ներկայացվել են վերջին տարիներին իրականացված հիմնական ծրագրերը, որոնք ուղղված են եղել բաժանմունքների վերանորոգմանն ու վերազինմանը, ընթացիկ խնդիրների լուծմանն ու մատուցվող ծառայությունների բարելավմանը: Ընդհանուր տեղեկություն է ներկայացվել նաև առողջապահության նախարարության ծրագրերի իրագործման գրասենյակի ֆինանսավորմամբ նախատեսվող հիմնանորոգման գործընթացի մեկնարկային աշխատանքների վերաբերյալ:
Արմավիրի ԲԿ այցելության շրջանակում մարզպետը նախ ծանոթացել է պոլիկլինիկայի ընդհանուր պայմաններին՝ տնօրինության հետ քննարկելով դրանց բարելավմանն ուղղված հնարավոր քայլերը: Իսկ արդեն բժշկական կենտրոնում Էդվարդ Հովհաննիսյանին, մասնավորապես, ներկայացվել են ձեռք բերված նոր սերնդի բուժսարքավորումները, հիմնված նոր ծառայությունները, որոնց գործարկման արդյունքում էականորեն կբարելավվեն վիրահատական միջամտությունների որակն ու պացիենտների ընդհանուր սպասարկումը:
Մարզպետը բժշկական կենտրոններում շրջայցն ամփոփել է բուժանձնակազմերի հետ հանդիպումներով, որոնց ընթացքում քննարկվել են առաջնային կարևորության մի շարք հարցեր, ձեռք են բերվել դրանց լուծմանն ուղղված գործընթացներին վերաբերող պայմանավորվածություններ:
Էդվարդ Հովհաննիսյանը վստահեցրել է, որ բուժհաստատությունների հետ շփումն ինտենսիվ բնույթ է կրելու, և արվելու է հնարավորը՝ դրանց վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ: Նա առանձնակի կարևորել է որակյալ և բարեխիղճ բժշկական ծառայությունների ապահովումն ազգաբնակչության շրջանում, որը կբերի բուժհաստատությունների նկատմամբ միանգամայն դրական վերաբերմունքի ձևավորմանը:
Իր ամփոփիչ խոսքում մարզպետն ընդգծել է միասնական և համակարգված աշխատանքի արդյունքում առկա խնդիրների վերացման ճանապարհով առաջնորդվելու կարևորությունը՝ բուժանձնակազմերից ակնկալելով համարժեք մոտեցում: