Հայաստանում նախորդ տարվա դեկտեմբերին ավելի քան 659 հազար աշխատատեղ է եղել: Սա երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է, մոտ 38 հազարով ավելի է 2020-ի և 30 հազարով՝ 2019-ի դեկտեմբերից։ Ըստ ՊԵԿ-ի տվյալի՝ 2021-ին 1 աշխատատեղին բաժին ընկնող միջին ամսական եկամուտը կազմել է 219388 դրամ:
«Քաղաքացի-հարկատու-բիզնես» կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Բադալյանն աշխատատեղերի աճը պայմանավորում է ճգնաժամային վիճակից հետո բիզնեսի վերականգնմամբ և մի քանի այլ գործոններով:
Էդուարդ Բադալյան («Քաղաքացի-հարկատու-բիզնես» իրավապաշտպան ՀԿ փոխնախագահ) - ՊԵԿ-ի կողմից կատարվող վարչարարությունը, որն իր ազդեցությունը, բնականաբար, թողնում է, իմ կարծիքով՝ այստեղ կարող է լինել նաև այն, որ մարդիկ շահագրգռվում են գրանցվել՝ պայմանավորված նաև եկամտային հարկի բնակարանների ձեռքբերման դեպքում վերադարձի արտոնության ժամկետների սահմանափակմամբ:
Սամսոն Գրիգորյան (գործարար) - Անցած տարվա տնտեսական աճի հետ համեմատական նոր ձեռնարկությունների բացում այդքան մեծ քանակով չի եղել, որպեսզի այդքան մեծ քանակով աշխատատեղեր բացվեն: Սրա առյուծի բաժինը միանշանակ ՊԵԿ-ի վարչարարության բերած աշխատատեղերի, աշխատողների գրանցման արդյունք է:
ՊԵԿ-ից հայտնում են, որ աշխատատեղերի հիմնական աճն արձանագրվել է մանրածախ և մեծածախ առևտրի ու ծրագրային ապահովման մշակման և խորհրդատվության ոլորտներում։
Էդուարդ Բադալյան - Ես կարծում եմ, որ աճի տեմպերը պետք է որ շարունակվեն, եթե ինչ-որ էքսցեսներ չլինեն: Մենք շփվում ենք շատ գործարարների, բիզնեսի հետ շատ ենք շփվում և տեսնում ենք, որ վերջին շրջանում էդ աշխուժացումը կա, էդ առողջացումը կա, և տնտեսությունը սկսում է, այսպես ասած, ոտքի կանգնել:
ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ 659 հազար աշխատատեղից 339 հազարում մինչև 150 հազար դրամ աշխատավարձ են ստանում, 150-ից մինչև 500 հազար դրամ եկամուտ են ստանում 240 հազարը, 500 հազարից մինչև 1 մլն դրամ՝ 54 հազարը, իսկ 1 մլն դրամից ավելի ստանում են 26 հազարը: Հայաստանում աշխատուժի թիվն անհամեմատ ավելի մեծ է, քան գրանցված աշխատատեղերն են՝ նշում է Սամսոն Գրիգորյանը:
Սամսոն Գրիգորյան - Տաքսու վարորդները, որոնք տասնյակ, հարյուր հազարավոր են ես նույնիսկ կասեմ, նրանք գրանցված չեն, ոչ մի տեղ չեն երևում, և պետությունը և կառույցները նրանց դիտարկում են որպես գործազուրկ: Իրականում նրանք գործազուրկ չեն, մենք ստեղ ունենք բաց, ու մեր տնտեսության մեջ մենք նման բացեր շատ ունենք, որը թույլ չի տալիս տնտեսության իրական պատկերը տեսնել էսօր:
Ստվեր կա նույնիսկ զարգացած երկրներում, ըստ ոլորտի փորձագետների՝ Հայաստանում վերջին տարիների վարչարարությունը նպաստել է դրա նվազմանը, և այսպես շարունակելու դեպքում հնարավոր կլինի ստվերի մակարդակը հասցնել նվազագույնի:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան