Միանշանակ այս պահին հիվանդանոցներում գտնվող քաղաքացիների շրջանում մինչև 80 տոկոս շրջանառվող շտամն «Օմիկրոնն» է, և պարզ է, որ գրանցվող մահերի մեջ էլ կան այս շտամով վարակվածներ: Այս մասին Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Միանշանակ չպետք է զգոնությունը թուլացնել և թեթև վերաբերվել այս շտամին»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարը հիշեցրեց, որ «Օմիկրոնի» պարագայում ախտանշաններն ավելի նման են հարբուխի ախտանշաններին՝ հազ, փռշտոց, նաև ջերմաստիճանի որոշակի բարձրացում:
«Նման ախտանշաններ ունենալիս, միանշանակ, արժի նաև թեստավորվել՝ հասկանալու համար, թե «Օմիկրոնո՞վ» է վարակված քաղաքացին, թե՞ ոչ: Իհարկե մենք նկատում ենք ծանրության որոշակի թերթևացում հիվանդացածների շրջանում, եթե նույն այս թվերը մենք ունենայինք «Դելտա» շտամի պարագայում, իսկապես համակարգի հոսպիտալացման աստիճանը և ծանրաբեռնվածությունն անհամեմատ ավելի մեծ կլինեին»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը նշեց, որ հիվանդացության միջին տարիքը 47 տարեկանն է, նկատվում է տարիքի նվազում: «Օմիկրոնով» մինչև 18 տարեկան երեխաներն էլ են հաճախ հիվանդանում:
«Մեր մանկական բժշկական կենտրոններն այս պահին լարված ռեժիմով աշխատում են՝ պացիենտներին բժշկական օգնություն տրամադրելու համար: Մանկական բաժանմունքները ծանրաբեռնված են: Շատ դեպքերում, երբ դիմում են հիվանդանոց այլ խնդիրներով, հայտնաբերվում է նաև «Օմիկրոն» շտամը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը: