Քննչական կոմիտեում շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու, միջազգային մարդասիրական նորմերի լուրջ խախտումներ կատարելու, միջազգային ահաբեկչության ֆինանսավորման, մի շարք այլ հանցագործությունների փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Կոմիտեում քննության առարկա է գերիների հարցը: Ադրբեջանն այս պահին հաստատում է 46 անձի գերությունը, 6-ը նոյեմբերի 16-ին Իշխանասարի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից գերեվարված պայմանագրային զինծառայողներ են:
Ռաֆայել Վարդանյան (ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ) - Առաջին իսկ օրերին Քննչական կոմիտեում ստեղծվել է մեծ քննչական խումբ, հարուցվել են հարյուրից ավելի քրգործեր, որոնք միացվել են մեկ վարույթում, այս քրեական գործերով քննության առարկա են դարձվել բոլոր այն փաստական տվյալները, որոնք հնարավոր է վկայեին, որ անձը՝ զինվորական կլինի թե քաղաքացիական անձ, կարող է գերեվարված լինել:
Ձեռք բերված տվյալներն ուղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այդ փաստերի ու ապացույցների, Եվրոպական դատարանի, բանակցային գործընթացներում ներկայացված տվյալների հիման վրա է Բաքուն ընդունել անձանց գերության փաստը: Առայսօր հայրենիք է վերադարձել 141 գերի:
Ռաֆայել Վարդանյան - Կան փաստեր, որ բացի 46-ից, ենթադրվում է, որ կարող են լինել այլ անձինք, որոնք պահվում են Ադրբեջանում, և վարույթ իրականացնող մարմինը շարունակում է իրականացնել մեծածավալ քննչական, դատավարական գործողություններ, այդ ուղղությամբ քննությունը շարունակվում է:
Քննչական կոմիտեն այս պահին հնարավոր գերեվարված անձանց թիվ չի հրապարակում: Իրականացվում են փորձաքննություններ, տեսանյութերի զննություն, դատադիմանկարային փորձաքննություններ, վերադարձած անձանցից հարցաքննություններ: Նոյեմբերի 16-ի դեպքերի հետևանքով գերեվարված անձանց նկատմամբ խոշտանգումների, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումների փաստով հարուցվել են քրեական գործեր:
Ռաֆայել Վարդանյան - Ունենք սպանված 5 զինծառայող, խոշտանգման փաստեր, որոնց մասով քննություն է իրականացվում, նախաքննությունը շարունակվում է:
Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվն այս պահին 3813 է, 196 զինծառայողի և քաղաքացիական 21 անձի գտնվելու վայրն անհայտ է. ոմանց մասին կան տվյալներ, որ, հավանաբար, գերության մեջ են: