ԱՊՊԱ-ի թանկացումների դեմ ցույցերը շարունակվում են: Այսօր փոփոխությունների դեմ բողոքող քաղաքացիները հավաքվել էին Կենտրոնական բանկի դիմաց՝ մեղադրելով գլխավոր դրամատանը՝ ավտոապահովագրողների բյուրոյին անհրաժեշտից ավելի լիազորություններ տալու համար:
Արտակ Խաչատուրով (ավտովարորդների իրավունքների պաշտպան) - Բարդ պահանջներ չեն. վերացնում եք ձեր որոշումը կամ հետաձգում եք՝ մինչև հանրային քննարկումներ իրականացվեն, և ժողովրդի արձագանքը լսելի լինի:
Փոփոխությունները մասամբ ուժի մեջ են մտնում փետրվարի 7-ից: Ակցիայի մասնակիցները մինչև երկուշաբթի ժամանակ են տվել՝ պնդելով, որ քայլեր կձեռնարկեն:
Այսօր ևս ակցիայի մասնակիցներից մեկը բերման է ենթարկվել: Կենտրոնական բանկը հորդորում է հարցին ավելի խորքային նայել: Ապահովագրությունը համարվում է ծառայությունների մատուցում, և կարող է վերանայվել գնային քաղաքականությունը:
Վահան Ավետիսյան (ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության պետ) - Ներդրումից ի վեր ԱՊՊԱ համակարգի գնի մոդելի՝ այստեղ այնքան 3000 դրամի հարցը չէ, ինչքան առհասարակ գնային մոդելի վերանայման հարցը, որովհետև այն մոդելը, որը ներդրված է ԱՊՊԱ համակարգի ներդրման սկզբնական ժամանակահատվածում, արդեն հնացած է:
Նոր փոփոխություններով վերացվում են ռիսկային խմբերը, որոնց շարքում էին տաքսիները կամ հանրային տրանսպորտը: Ավետիսյանի խոսքով՝ համակարգի ներդրման պահին նաև չի եղել միասնական պատմություն, որտեղ հնարավոր կլիներ գնահատել յուրաքանչյուր վարորդի անհատական վարքագիծը:
Վահան Ավետիսյան - Հիմա այդ վարքագիծն ԱՊՊԱ համակարգում կա, և, բնականաբար, Բյուրոն անցում է կատարել, և մենք համարել ենք, որ դրական է զարգացումը, անցում է կատարել բացառապես անհատական ռիսկերի վրա հիմնված համակարգին: Հիմա սա բարելավո՞ւմ է, թե՞ ոչ: Բարելավում է, որովհետև չենք առանձնացնում տաքսի խումբ, թացը չորի հետ չենք խառնում, հստակ առանձնացվում են անձը և իր վարքագիծը:
Այս ամենը հաշվի առնելուց հետո որոշակի գնային տատանումները բնական են՝ պնդում է ԿԲ ներկայացուցիչը, հավելում՝ սրա հիմքում ընկած են պարզ մաթեմատիկական հաշվարկներ: Ավետիսյանի խոսքով՝ ապահովագրական ընկերություններն արդեն մի քանի տարի է՝ ահազանգում են, որ հավաքագրված միջոցները բավարար չեն որակյալ և դինամիկ սպասարկում իրականացնելու համար:
Վահան Ավետիսյան - Բյուրոյում մեր դիտարկումներով այս որոշումներն ընդունվել են միաձայն, այսինքն՝ ԱՊՊԱ համակարգի մասնակիցները՝ վարորդներ, սպառողներ, ապահովագրական ընկերություններ, ոստիկանություն, Կենտրոնական բանկ, գտել են, որ այս փոփոխություններն անհրաժեշտ են: Այստեղ կա հարցի բովանդակային և էմոցիոնալ մաս: Բողոքները, կարծում եմ, վերաբերում են էմոցիոնալ մասին:
ԿԲ-ի սկզբունքն այն է, որ պաշտպանված լինեն բոլոր կողմերի շահերը: Սակագնային մոդելի փոփոխությունն առաջին փուլն է: Հիմա քննարկումներ են սկսել մի մեթոդի ներդրման վերաբերյալ, որով ապահովագրական ընկերությունները կսկսեն ապագայում մրցակցել և նվազեցնել սակագները: Ըստ գլխավոր դրամատան հաշվարկների՝ վարորդների 85 տոկոսի համար թանկացումը շատ չի լինի՝ 1500-3000 դրամ, քանի որ նրանք բոնուսային կամ բազիսային դասերում են գտնվում: ԿԲ-ից հիշեցնում են՝ բյուրոն ինքնակարգավորվող մարմին է, խաղի կանոնները թելադրում է ինքը, փոփոխությունների նախաձեռնությունը ևս բյուրոյի խորհրդինն է: ԿԲ-ն հիմնավորումներն ուսումնասիրել և փոփոխությունը գրանցել է: