ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժումն այլևս չի բնութագրում «անխուսափելի», թեև կարծում է, որ դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Սակին։
Նրա կարծիքով՝ այդ բառը տպավորություն էր ստեղծում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն Ուկրաինա ներխուժելու որոշում է կայացրել: Սակիի խոսքով՝ ԱՄՆ-ի վարչակազմը նախկինի պես կարծում է, որ Պուտինն Ուկրաինայի հետ սահմանին զորքերը տեղակայել է այնպես, որ Ռուսաստանը կարող է ցանկացած պահի ներխուժել երկիր, սակայն, ըստ Սակիի, Վաշինգտոնում չգիտեն՝ արդյոք Պուտինն արդեն որոշում կայացրե՞լ է, թե՞ ոչ:
Նախորդ շաբաթ ճեպազրույցի ժամանակ Սակին նշել էր, թե ռուսական զորքերի ներխուժումն Ուկրաինա «անխուսափելի» է: Դա առաջացրել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու դժգոհությունը, որը կոչ էր արել՝ խուճապ չտարածել: