Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին։
Փոխվարչապետը, անդրադառնալով հիմնադրամի կողմից տնտեսական, կրթական և քաղաքական ոլորտներում իրականացվող ծրագրերին, ընդգծել է հատկապես հանրային ծառայողների համար տեխնոլոգիական կրթության ծրագրի կարևորությունը։
Հիմնադրամի ներկայացուցիչ Թոմաս Շրապելը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և շեշտել, որ Հայաստանի Կառավարության առավելությունը մի շարք այլ երկրների նկատմամբ բաց և թափանցիկ գործելաոճն ու ոլորտային բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացման առումով ցուցաբերած պատրաստակամությունն է։
Հանդիպման ընթացքում կողմերը նախանշել են նաև համագործակցության ընդլայնման ուղղությունները՝ պետական ծառայողների համար տեխնոլոգիական նոր կրթական ծրագրերի իրականացման, տեխնոլոգիապես զարգացած երկրներ ուսուցողական այցերի կազմակերպման, ինչպես նաև մի շարք ոլորտների՝ իրավաբանների, բժիշկների, ճարտարագետների և այլ մասնագետների համար տեխնոլոգիական կրթության ծրագրեր նախատեսելու վերաբերյալ։