ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին, որոնք վերաբերում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հնչեցրած հայտարարություններին: Ներկայացնում ենք հարց ու պատասխանն ամբողջությամբ:
- Ադրբեջանի ԱԳ նախարարը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին, կրկին հայտարարել է, որ հայկական կողմը նախապայմաններ է առաջ քաշում՝ ընդգծելով, որ Հայաստանը չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանների սահմանազատման հարցում որևէ պայման դնելու: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:
- Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահը և Ադրբեջանի նախագահը 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրել են հայտարարություն, որը հրապարակային է և հասանելի համացանցում: Այդ հայտարարության մեջ հստակ արձանագրված է, որ երեք երկրների ղեկավարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, և գործընթացը տանել դեպի դելիմիտացիայի ու դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորման:
Երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարությունից բխում է, որ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությանը պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը և դրանց իրագործումը: Սա տրամաբանական է նաև այն պատճառով, որ դժվար է պատկերացնել սահմանազատման աշխատանքների իրականացում այն սահմանին, որտեղ ամեն օր տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ: Հայաստանի Հանրապետությունը, իրապես շահագրգռված լինելով պայմանավորվածությունների լիարժեք իրագործմամբ, դրանց իրականացման իր պատկերացումներն է ձևակերպել:
Ադրբեջանական կողմը որևէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է դրանք՝ փոխարենը չառաջարկելով երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակներ: Հայաստանի առաջարկները «պայման», «նախապայման» անվանելը, ապա դրանց վերաբերյալ բարոյական, քաղաքական, իրավական գնահատականներ հնչեցնելը ոչ մի տրամաբանական կապ չունի վերը նշված գործընթացի հետ:
- Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև նշել է, թե Հայաստանը վիժեցրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: Ի՞նչ կասեք այս հայտարարության առիթով:
- Եթե նկատի է առնվում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով եռակողմ աշխատանքային խումբը, զավեշտալի զուգադիպությամբ նույն օրն առավոտյան տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգման գործնական քայլերի փուլում է, և աշխատանքային խմբի հայաստանյան համանախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 2-ին Երևանում այս թեմայով առարկայական քննարկում է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ:
Վարչապետ Փաշինյանը՝ գնահատելով իրադրությունը, հայտարարեց, որ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի առաջին արդյունքների արձանագրումը շատ մոտ է թվում: Այս համատեքստում Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարություններն առնվազն տարօրինակ են, և հույս ունենք՝ երկաթուղու վերագործարկման հարցում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարում չեն նշանակում:
Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին, որի մասին ՀՀ վարչապետը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է: Նշենք նաև, որ ավտոճանապարհների բացման մասին նույնպես Հայաստանն առաջարկություններ է արել ադրբեջանական կողմին: Այդ առաջարկություններին մինչև օրս որևէ պատասխան ադրբեջանական կողմից չի հնչել: Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել այդ առաջարկների իրագործումը: