Փետրվարի 3-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսի հետ։ Այս մասին հայտնել են Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից։
Շնորհավորելով Թինի Քոկսին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Խաչատրյանն ընդգծել է ԵԽԽՎ կարևոր առաքելությունը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և օրենքի գերակայության ապահովման հարցերում՝ որպես քաղաքական քննարկումների համաեվրոպական հարթակ։
Առանձնանշվել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում ընդունված «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևի կարևորությունը, որով վերահաստատվել է, որ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության զարգացման հարցում։
Այս համատեքստում կարևորվել է, որ նույն բանաձևում Վեհաժողովը վերահաստատել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհրաժեշտությունը։
Դեսպան Խաչատրյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքները, այդ թվում՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման խնդիրը։ Կարևորվել է ԵԽԽՎ շարունակական դերակատարությունը այս խնդիրների բարձրաձայնման և կարգավորման ուղղությամբ։