Expo 2020 Dubai ցուցահանդեսում Հայաստանի ազգային օրվա շրջանակում «Էնթերփրայզ Արմենիայի» (Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամ) ներկայացուցիչները ԱՄԷ պետական հատվածի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել են առևտրատնտեսական կապերը զարգացնելու, նոր օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման հարցեր։
Լեհ-արաբական առևտրի պալատի հիմնադիր նախագահ Ռոբերտ Ջրեյսաթիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են գործընկերային կապերն ամրապնդելու և ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու, գործարար շրջանակներին օժանդակելու աշխատանքներում փոխգործակցության հնարավորությունները:
Շեյխ Ահմեդ Բին Ահմեդ Բին Համադան Ալ Նահյանի մասնավոր գրասենյակի գործադիր տնօրեն Ահմեդ Էլմեթվալիի, EURASIA Gulf Unique Group Hotels Remax ձեռնարկության հիմնադիր Աբդո Կայալի, Richman House-ի տնօրեն Վազգեն Եղիազարյանի, Ziba Foods-ի համահիմնադիր Գրեգ Օհանեսյանի, Րաֆֆի Վարդանյանի հետ հանդիպումների ընթացքում ներկայացվել են Հայաստանի ներդրումային գրավչությունը, տնտեսության առաջընթաց ճյուղերն ու դրանց ընձեռած հնարավորությունները, «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից ներդրողներին տրամադրվող ծառայությունների ամբողջական շրջանակը:
Գործարարները ներկայացրել են Հայաստանում հավանական ներդրումներ իրականացնելու առնչությամբ իրենց հետաքրքրության ոլորտները։
«Ամենամյա ներդրումային համաժողով 2022» (Annual Investment Meeting 2022) միջոցառման գլխավոր տնօրեն Վալիդ Ֆարգհալի հետ հանդիպմանը քննարկվել են համաժողովին Հայաստանի մասնակցության ձևաչափին և կազմակերպչական աշխատանքներին նվիրված հարցեր: