Կարևորելով երեխայի՝ ընտանիքում խնամք և դաստիարակություն ստանալու իրավունքի ապահովումը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ընտանիքների հետ վերամիավորելու և խնամքի հաստատություններում հայտնվելու ռիսկը կանխարգելելու ուղղությամբ։
Հասարակական կազմակերպություններին պատվիրակված ծառայությունների շրջանակում՝ 2021 թվականի ընթացքում կանխարգելվել է 327 երեխայի՝ պետական մանկատներում և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում հայտնվելու ռիսկը։
Անհրաժեշտ աշխատանքները կազմակերպվել են «ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող և հաստատությունում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների՝ ընտանիք վերադարձնելու և մուտքը հաստատություններ կանխարգելելու ծառայություններ» և «Կենսաբանական ընտանիք տեղափոխված և հաստատություն մուտքը կանխարգելված երեխաների ընտանիքների բնաիրային օգնության փաթեթի տրամադրում» ծրագրերի շրջանակում։
Ըստ այդմ՝ իրականացվել է երեխաների կարիքների խորքային գնահատում, վերամիավորված երեխաների ընտանիքների հզորացման ծրագրի մշակում, ներառյալ՝ կենսապայմանների բարելավմանն ուղղված աշխատանքներ, ծնողավարման և կենցաղավարման հմտությունների բարձրացման դասընթացներ, սեփական եկամտի ստեղծմանն ուղղված խորհրդատվություն և այլն։ Տարվել է սոցիալական աշխատանք ընտանիքի, համայնքի, շահեկից կառույցների հետ, տրամադրվել առողջապահական, սոցիալական և կրթական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատվական աջակցություն։
«Կենսաբանական ընտանիք տեղափոխված և հաստատություն մուտքը կանխարգելված երեխաների ընտանիքների բնաիրային օգնության փաթեթի տրամադրում» ծրագրի շրջանակում երեխաների ընտանիքներին տրամադրվել են բնաիրային օգնության փաթեթ, հագուստ, գրենական պիտույքներ և դասագրքեր, փոխհատուցվել են նաև էներգետիկ ծառայությունների վճարները։