Արդեն երկրորդ օրն է՝ Կապանի զորամասն ինքնակամ լքած, նորակոչիկ Վլե Ֆերոյանի բարեկամները Պաշտպանության նախարարության դիմաց են: Հարազատները վստահեցնում են՝ հրամանատարների վատ վերաբերմունքի պատճառով է ժամկետային զինծառայողը լքել զորամասը:
Հենց այս պատի վրայով է ցատկել ու զորամասը լքել ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանը։ Նա մի քանի օր առաջ էր զորակոչվել։ Թե ինչու է նորակոչիկն ինքնակամ լքել զորամասը, ցույց կտա քննությունը։ Հրամանատարները հերքում են մամուլում տեղ գտած հրապարակումները, թե տղային իր պարտականություններից դուրս այլ բան են ստիպել կատարել։
Ուսումնական ստորաբաժանման հրամանատար, կապիտան Արմեն Ավագյանի խոսքով՝ արդեն 10 տարուց ավելի Հայաստանի բոլոր զորամասերում զինվորներն ազատված են զուգարան մաքրելու պարտադրանքից: Ծեծի կամ բռնության տարբերակի մասին խոսելն էլ ավելորդ է համարում, կարճ ասում է՝ բացառվում է, ներկայացնում աղմուկ հանած պատմության իր տարբերակը:
Զորամասում մաքրությունն ապահովելու և իրենց պարտականությունների սահմանում հավասար բաշխելու մասին ծառայակիցներն են պատմում:
Վլեի հարազատները նաև պնդում են, թե իրենց հարազատի նկատմամբ վատ վերաբերմունքի պատճառը տղայի եզդի լինելն է. զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական աջակցության գծով տեղակալը կտրականապես հերքում է այս պնդումը, ասում՝ հայկական բանակում ազգությամբ պայմանավորված խնդիր երբեք չի եղել, չկա, չի կարող լինել:
Մի քանի օր նորակոչիկի գտնվելու վայրն անհայտ էր, հարազատները հավաստիացնում էին՝ զորամասը լքելուց հետո Վլեն իրենց չի զանգահարել, գտնվելու վայրի մասին էլ տեղյակ չեն:
Զինծառայող Ֆերոյանի հարազատները Պաշտպանության նախարարության վարչական շենքի ներսում մոտ երկու ժամ մնացին. դուրս գալուց հետո հայտնեցին՝ գերատեսչության պատասխանատուների հետ զրույցից գոհ են, Վլեն էլ այս ընթացքում զանգահարել է իրենց, պատրաստ է ներկայանալ իրավապահ մարմիններին, ուղղակի մի փոքր վախեցած է:
Զորամասն ինքնակամ լքած զինվորի մասին հստակ տեղեկություն կա. Ազգային ժողովում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը: Արման Սարգսյանի խոսքով՝ փաստի առթիվ քննություն է սկսվել. եթե պարզվի, որ ահազանգը համապատասխանում է իրականությանը, մեղավորների պատժից չեն խուսափի:
Արման Սարգսյան, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - Պաշտպանության նախարարից սկսած՝ ամբողջ գերատեսչությունը, բոլորը շահագրգռված են, որ պարզվի իրականությունը, և եթե իրական լինի զինվորի նկատմամբ նույնիսկ փոքր բռնության գործադրման փաստը, կտեսնեք դրա հետևանքները:
Բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, մարդու իրավունքներով զբաղվող կառույցների ներգրավումը նպաստել է, որ հայկական բանակում նման խնդիրները հազվադեպ են դարձել՝ ասում է Պաշտպանության փոխնախարարը, նկատում՝ նաև այս պատճառով է, որ նման եզակի դեպքերը հանրային լայն արձագանք են ստանում: