Մայրաքաղաքում հերթական ապօրինությունն է բացահայտվել: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Անդրանիկի 108/10 հասցեի փողոցին հարող հատվածում քանդել են շուրջ 200 մետր երկարությամբ սիզամարգն ու եզրաքարերը, գիշերով տարածքը խճալցրել ու ասֆալտապատել:
Ռուբեն Խոջայան, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ - Առանց համապատասխան թույլտվության իրականացվող գործողություն են իրականացրել, դրա համար էլ թաքցրել են: Եթե ունենային համապատասխան թույլտվություն, բնականաբար, կանեին աշխատանքային ժամերին, և նմանատիպ խնդիր չէր առաջանա:
Հարևանությամբ 500 քմ տարածքում առևտրի կենտրոն է կառուցվում: Տնտեսվարողն օգտվել է առիթից ու ինքնագործունեությամբ զբաղվել: Թե որքան է պետությանը պատճառված վնասը, մասնագետները հաշվում, ուսումնասիրում են խնդիրը:
Ռուբեն Խոջայան - Կառուցապատողի կողմից է նախաձեռնվել այս գործընթացը, որպեսզի, իմ կարծիքով, երևի ուզեցել են ավտոկայանատեղի կազմակերպեն, և այս փողոցում, այս հատվածում կանաչ գոտին ոչնչացնելն ուղղակի անընդունելի է:
Դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացվել ոստիկանության Մալաթիայի բաժին: Օրինախախտը պարտավորվել է մասնագետների հետ խորհրդակցելով՝ սեփական միջոցների հաշվին կարճ ժամկետում վերականգնել կանաչ գոտին:
Ռուբեն Խոջայան - Անպայման կվերականգնվի, այստեղ ես անհնարինություն չեմ տեսնում, ուղղակի ավելորդ անհարմարություն ստեղծվեց: Եվս մեկ անգամ կխնդրեմ մեր կառուցապատողներին, որպեսզի իրենց կառուցապատման գործունեությունն իրականացնեն սահմանված նորմերի պահպանմամբ, աշխատանքային ժամերի, համակեցության կանոնների պահպանմամբ, որպեսզի անհարմարություններ չստեղծեն մեր մյուս բնակիչների համար, ինչպես նաև զերծ մնան նմանատիպ բաներ ձեռնարկելուց:
Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները խախտելու համար օրինախախտը ենթարկվելու է նաև վարչական պատասխանատվության: Օրենքով նմանատիպ խախտումների համար նախատեսված է մինչև 100.000 դրամ տուգանք: