Փետրվարի 2-4-ը ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրավերով Հայաստանում է Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորությամբ։
Հիշեցնենք՝ փետրվարի 2-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ ոստիկանության վարչական շենքում Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությանն ընդունել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։
Հայաստանի ոստիկանության պետն ու Վրաստանի ներքին գործերի նախարարը ծաղկեպսակ դրեցին և հարգանքի տուրք մատուցեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ։
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարանը, ողջունելով Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին և նրա ղեկավարած պատվիրակությանը, ընդգծել է երկու երկրների առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները։
Վահե Ղազարյանը բարձր է գնահատել նաև Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև ձևավորված վաղեմի և վերջին շրջանում նոր լիցք ստացած արդյունավետ համագործակցությունը։
ՀՀ ոստիկանության պետը պատրաստակամություն է հայտնել ավելի ամրապնդել ու զարգացնել երկու գերատեսչությունների միջև առկա փոխգործակցությունը։
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորել է հայ-վրացական դարավոր ընկերական հարաբերությունները։
Մատնանշելով համագործակցության մի շարք դրական օրինակներ՝ նա խոսել է Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների միջև փորձի փոխանակման ուղղությունների ընդլայնման հնարավորությունների մասին։
Քննարկվել են երկու գերատեսչությունների փորձի փոխանակման, անձանց հետախուզման, հայտնաբերման և հանձնման, օպերատիվ տեղեկատվության փոխանակման, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին և Հայաստան ժամանած պատվիրակության անդամները պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով։