Փետրվարի 2-ին Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մասնակցել են Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը:
Նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Բարև Ձեզ: Շնորհարվում եմ բոլորիս գրասենյակի բացման կապակցությամբ:
Ուզում եմ նշել, որ ինձ համար հաճելի և պատվաբեր է ներկա գտնվել այս միջոցառմանը։ Անշուշտ, մենք այսօր ենք բացում այս գրասենյակը, բայց առաջին օրը չէ, նոր չէ, որ Ավստրիական զարգացման գործակալությունն իր գործունեությունն է իրականացնում Հայաստանում։
Այդ գործունեությունը սկսվել է դեռևս 2013 թվականին, և մեծ, շոշափելի ձեռքբերումներ ունի հատկապես կանաչ և ժամանակակից գյուղատնտեսության ասպարեզում: Այսօր հարգելի պարոն նախարար Շալենբերգը նաև ականատես է եղել այդ արդյունքներից մեկին:
Բայց ուզում եմ նաև նշել, որ այսօր մենք մի նոր էջ ենք բացում այս հարաբերություններում, այս համագործակցության մեջ: Կարծում եմ, որ և՛ հայկական կողմը, և՛, ուրախությամբ պիտի նշեմ՝ ավստրիական կողմը, պատրաստակամություն են հայտնում՝ այսուհետ որակապես նոր տեսակի և նոր ծավալի ծրագրեր և հարաբերություններ կառուցելու:
Ուրախությամբ պիտի նշեմ, որ Հայաստանը՝ որպես Արևելյան գործընկերության երկիր, ընդգրկված է նաև Ավստրիական զարգացման համագործակցության 2021-2027 թթ. ծրագրում:
Նաև բավականին հատկանշական օրինակներ պիտի բերեմ. այսօր, երբ մենք նշում ենք մեր հարաբերությունների 30-ամյակը, ներկա ենք, ահա, այս գրասենյակի բացմանը:
Նաև տեղեկացնեմ այն գործընկերներին, ովքեր դեռ չգիտեն այդ մասին՝ նախարար Շալենբերգի այցն ուղեկցվում է նաև բիզնես պատվիրակությամբ, և վաղը մենք ունենալու ենք հայ-ավստրիական բիզնես ֆորում:
Ե՛վ գրասենյակի բացումը, և՛ բիզնես ֆորումը, և՛ մի շարք այլ միջոցառումներ, որոնք պլանավորված են, գալիս են ապացուցելու, և ես լիահույս եմ և վստահ եմ, որ այդպես էլ կլինի, որ մեր հարաբերություններում իսկապես այս այցը նոր էջ է և նոր խթան:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս»: