Կադրերը Արցախի փողոցից են: Այրվել է բենզալցակայանի շինությունը և GAZ-53 բենզատարը: Հրդեհի բարդության առաջին, ապա՝ երկրորդ կանչով դեպքի վայր են ժամանել փրկարարները: Բենզալցակայանի աշխատակիցը ստացել է դեմքի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ և հոսպիտալացվել: «Այրվածքաբանության ազգային կենտրոնի» բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Այսպես՝ ամբողջ տարին: ԱԻՆ 911 ծառայությունը ամփոփել է 2021 թվականը: 1 443 236 զանգ է ստացել. սա մոտ 200 000-ով պակաս է, քան 2020-ին: Դեպքերի, պատահարների թիվը ևս նվազել է: Հանրապետությունում գրանցվել է 14 875 արտակարգ դեպք-պատահար:
Արսեն Մկրտչյան (ԱԻՆ ՃԿԱԿ պետ) - Դրանցից 11 435-ը տեխնածին են, 604-ը՝ տարերային, 2836-ը՝ սոցիալ-կենսաբանական: 2020-ի նկատմամբ արտակարգ դեպքերը 341 դեպքով նվազել են, ինչը պայմանավորված է սոցիալ-կենսաբանական դեպքերի նվազումով:
Մինչդեռ տեխնածին և տարերային արտակարգ դեպքերը 2021-ին աճել են, մահվան ելքով պատահարները՝ ևս: 2021-ին արտակարգ դեպքերից զոհվել է 5577, տուժել՝ 190 641 մարդ: ԱԻՆ ճգնաժամային ազգային կենտրոնի պետի խոսքով՝ դժբախտ ելքով դեպքերի թվի աճը պայմանավորված է նաև համավարակով:
Արսեն Մկրտչյան - Արտակարգ դեպքերից զոհերի 92 տոկոսը և տուժածների 94 տոկոսը գրանցվել է համաճարակից: Համաճարակը ևս արտակարգ դեպք է համարվում:
Նախորդ տարի գրանցվել է գազի պայթյունի 11 դեպք. զոհվել 2, տուժել՝ 11 քաղաքացի: Դեպքերը Հիմնականում եղել են առանձնատներում և բնակարաններում:
Արսեն Մկրտչյան - Մարդկային գործոնն է պատճառը. անջատում են սարքերը... 69-ով էլ աճել է հրդեհների թիվը: Գրանցվել 6588 հրդեհ, զոհվել է 9, տուժել՝ 59 քաղաքացի:
Արսեն Մկրտչյան - Աճ է գրանցվել նաև ՃՏՊ-ների մասով. 588-ով ավելացել է դեպքերի թիվը:
911 հեռախոսահամարին արտակարգ զանգերին զուգահեռ՝ նաև արտասովոր զանգեր են գրանցվել՝ ուղղագրական հարցերից մինչև օպերատորի անգլերենի իմացություն ու վերելակում մնացած փեսացուին օգնության կանչ:
Արսեն Մկրտչյան - Զանգել, ասում էին՝ տուն է բարձրանում, մնացել է լիֆտի մեջ, խնդրում ենք՝ մի բան արեք:
Սա՝ կատարած աշխատանքի մասին: Առաջիկայում արտակարգ իրավիճակների նախարարությունը նախատեսում է համալրել տեխնիկական բազան, թվայնացնել 911 զանգերի ծառայությունը, որից հետո՝
Արսեն Մկրտչյան - կգրանցվի ավտոմատ, կբացվի տվյալ դեպքի վերաբերյալ հարցաշար՝ շտկելու դեպքի իսկությունը: Փրկարարներին կտրամադրվի ահազանգողների տեղորոշում:
Ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի նպատակն է ստեղծել զանգերի մեկ միասնական կենտրոն, որի պարագայում արտակարգ մեկ զանգը կարող է փոխանցվել համապատասխան մարմնին: