Հանրապետության նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի լիազորություններն այսօրվանից դադարեցին: Այս մասին արձանագրությունը ստորագրել է խորհրդարանի ղեկավարը, որն էլ մինչև նոր նախագահի կողմից պաշտոնը ստանձնելը կկատարի պետության գլխին՝ օրենքով վերապահված գործառույթները:
Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվել էր 2018-ի մարտին: 4 տարի աշխատելուց հետո նա հրաժարական տվեց պաշտոնավարման գրեթե կեսին՝ հունվարի 23-ին: Դիմումը հետ վերցնելու համար Սարգսյանը մեկ շաբաթ ժամանակ ուներ, բայց անցած կիրակի կայացրած որոշումը արդեն նախկին նախագահը չփոխեց:
Մայր օրենքով՝ երկրի նոր՝ հինգերորդ նախագահին ընտրելու է խորհրդարանը: Պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է արտահերթ ընտրություն: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ասում է՝ մեծ հավանականությամբ նախագահի ընտրությունը տեղի կունենա գարնան հենց սկզբին՝ հերթական նիստերի ընթացքում:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Մենք մարտի 1-4-ն ունենք նշանակված քառօրյա, ու, ամենայն հավանականությամբ, կքննարկվի այդ ընթացքում, քանի որ Սահմանադրությամբ այլ ժամկետ չի նախատեսվում:
ՀԱՅՏՆԻ Է ՆԱԽԱԳԱՀԻ՝ ՔՊ ԹԵԿՆԱԾՈՒՆ
Կիրակի վարչության նիստում ՔՊ-ն քննարկել էր նախագահի պաշտոնում Վահագն Խաչատուրյանին առաջադրելու հարցը: Նրանից բացի, ևս մի քանի անուններ են քննարկվել, օրինակ՝ Արայիկ Հարությունյանի՝ այսօր հաստատեց Ալեն Սիմոնյանը: Ինքն էլ է եղել հավանական թեկնածուների շարքում, բայց, ասաց՝ ինքնաբացարկ է հայտնել: Իսկ թե ինչու է վերջնական ընտրությունը կանգ առել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի վրա, Սիմոնյանը նշեց՝ շատ երկար քննարկումների արդյունքն է, կարծում է՝ ճիշտ որոշում է:
Ալեն Սիմոնյան (ՀՀ նախագահի լիազորությունները կատարող) - Հիմա դժվար է ասել՝ ինչու իրեն, ինքը համապատասխանում է ու շատ լավ կիրականացնի իր պարտականությունները:
ՔՊ-ի առաջադրած թեկնածուն, սակայն, առաջին փուլով կընտրվի մի դեպքում, եթե ընդդիմությունն էլ իր կողմից 10 քվե ապահովի: Ըստ օրենքի՝ անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը կամ 81 կողմ ձայն: Իսկ մեծամասնությունն ընդամենը 71 մանդատ ունի: Արդյոք բանակցելո՞ւ են ընդդիմության հետ, որ նախագահը հենց առաջին փուլով ընտրվի, ոչ թե երկրորդ, որտեղ ՔՊ-ն արդեն 65 կողմ ձայնով կարող է սեփական թեկնածուին ընտրել՝ լրագրողները հետաքրքրվեցին Ալեն Սիմոնյանից:
Ալեն Սիմոնյան - Խորհրդարանական ընդդիմությունը միատարր չէ, ու չենք պատրաստվում քննարկել, պատրաստ ենք երկրորդ փուլի:
Երկրորդ փուլի գնալու մասին իշխանության հայտարարություններն անհանգստացնող են որակում խորհրդարանական ընդդիմությունից: «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն ասում է՝ անձամբ կողմ չի քվեարկի Վահագն Խաչատուրյանին, բացատրում է՝ նա քաղաքական թիմի անդամ է, չի կարող անկախ լինել՝ ինչպես Սահմանադրությունն է պահանջում:
Արամ Վարդևանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Գործադիրում բարձր պաշտոն ստանձնելով՝ նա լինում է քաղաքական թիմի անդամ: Եթե նախագահը լինում է իշխանության թիմի անդամ, այդ գաղափարները, քաղաքականությունը կրողը, պաշտպանողն ու տարածողը, ապա այստեղ խնդիր կա՝ ինչպես նա կարող է լինել նախագահ: Ստացվում է՝ կամ պիտի դավաճանի իր թիմին, կամ շարունակի իր գործը, որը էլ չի ստացվում համազգային, համաժողովրդական մոտեցում:
Կարծիքների այս բախումը, սակայն, Սիմոնյանը նորմալ է համարում, ասում է՝ ում էլ առաջադրեր իշխանությունը, նրա հասցեին քննադատություններ կարող էին լինել:
Ալեն Սիմոնյան - Կարծիքների նման բախումը կարող է տասնյակ լինել, ու ում էլ առաջադրեինք, կլինեին մարդիկ, որ ինչ-որ բան կասեին:
Թեկնածուներ ընտրելու ու առաջադրելու համար քաղաքական ուժերը շատ ժամանակ չունեն՝ այսօրվանից սկսած 5 օր: Նախագահի թեկնածուն էլ, ըստ մայր օրենքի, առաջադրվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կողմից: Այսինքն՝ իշխանությունից բացի, ընդդիմությունն էլ կարող է հանդես գալ սեփական թեկնածուով: Այս հարցում, սակայն, խորհրդարանական երրորդ ուժի՝ «Պատիվ ունեմ»-ի 6 մանդատը բավարար չէ սեփական թեկնածու առաջադրելու համար: Խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը «Լուրերի» հետ զրույցում մանրամասնեց՝ քննարկումները սկսված են, շուտով կլինի նաև որոշումը:
Հայկ Մամիջանյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) - «Պատիվ ունեմ»-ի ներսում, ինչպես նաև խմբակցությունը կազմող կուսակցություններում՝ ՀՀԿ-ում և «Հայրենիքում», քննարկումները վաղուց արդեն ընթանում են, նաև «Հայաստանի» հետ, և մոտ օրերս կհրապարակվի այդ խորհրդակցությունների արդյունքը:
- Իսկ արդյոք «Պատիվ ունեմ»-ը սատարելո՞ւ է «Հայաստան» խմբակցության թեկնածուին, թե՞ թեկնածու կառաջադրվի ձեր խմբակցության մաս կազմող կուսակցությունների կողմից:
- Ես ասեցի, որ խորհրդակցություններ են ընթանում, և դրանց շրջանակը սահմանափակ չէ:
Երկու ընդդիմադիր խմբակցություններով միասնական թեկնածու առաջադրելու տարբերակը չբացառեց նաև «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը: Հավանական անձանց անուններ առայժմ նա էլ չտվեց: Գործընթացն այսօրվանից է սկսվում՝ նկատեց պատգամավորն ու խոստացավ՝ երբ վերջնական քննարկումներն ավարտվեն, կհրապարակեն իրենց որոշումը: