Մարտին Գալստյան (ՀՀ կենտրոնական բանկի նախագահ) - Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
Գլխավոր դրամատունը տարին սկսում է փողի թանկացմամբ՝ հույսով, որ, այսպես ասած՝ տնտեսությանը ճնշելու միջոցով կկարողանան դանդաղեցնել ապրանքների թանկացումը։ Խանութ մտնեն թե դեղատուն, գները բարձրացած են՝ բողոքում են մարդիկ։
Միայն սննդամթերքի ընդհանուր մոտ 12 տոկոս թանկացման մեջ՝ բրինձ, ձեթ ու ներկրվող մյուս ապրանքները դրսի շուկաներից արդեն բարձրացված գներով են գալիս։ Ռեկորդներ սահմանող կաղամբի, կարտոֆիլի ու մյուս գյուղմթերքի դեպքում պատճառը անցնող տարվա անջուր, երաշտային եղանակն էր՝ բացատրում են Կենտրոնական բանկում, գնաճը մեղմելու իրենց քայլերը գնահատում դրական։
Գալստյանը վստահեցնում է՝ բանկի կանխատեսումներով՝ այս տարվա վերջին գնաճի ցուցանիշը կիջնի՝ մոտենալով 5.5 տոկոսի, քանի որ պարենի միջազգային շուկաներում գնային նոր ցնցումներ կարծես չեն սպասվում։
Հումքի դեպքում, քանի որ աշխարհի տնտեսությունները սկսել են արագ վերականգնվել ու գնալ դեպի կանաչ տեխնոլոգիաներ, պղնձի, ալյումինի ու մյուս մետաղների գները առնվազն չեն իջնի, ինչը նպաստավոր է Հայաստանի համար։
Ինչ վերաբերում է երկրի ներսում այսօրվանից թանկացող էլեկտրաէներգիային, հունվարից թանկացած խմելու ջրին ու գազի համար սպասվող դեռ անորոշ զարգացումներին, այդ ամենի ազդեցությունը արդեն իսկ ներառված է հաշվարկներում, պնդում են։
Մարտին Գալստյան - Ընդհանուր գնաճը որ կլինի կարգավորվող գների շրջանակում, մենք կանխատեսում ենք, որ կլինի 1-1.5 տոկոսի շրջանակում տարեկան կտրվածքով:
Ապրանքներին, շուկաներին ու գներին հետևելու հետ մեկտեղ՝ ֆինանսիստներն այժմ ստիպված են ուշադրությունը բևեռել են նաև մեծ քաղաքականության վրա՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ռիսկն ու Մոսկվայի դեմ հնարավոր պատժամիջոցները ռիսկ կա, որը Հայաստանի տնտեսությանն էլ վնասեն։
Եթե սանկցիաները ներառեն ֆինանսական հատվածը՝ գազամուղի դադարեցումը, բնականաբար, Ռուսաստանում տեղի կունենան ազգային արժույթի արժեզրկում, ու մենք կկորցնենք մեր մրցունակությունը ՌԴ-ի տնտեսության հանդեպ, ու ֆինանսական հատվածից եկող ռիսկերը շատ ավելի մեծ են:
Հույսը էսկալացիայի մարումն է, որ հարցը սանկցիաների չհասնի․ եթե Ռուսաստանին, այնուամենայնիվ, դուրս հանեն ՍՎԻՖԹ համակարգից՝ ինչպե՞ս դա կազդի մեր բանկերի ու բնակչության վրա․ հարց ուղղվեց Գալստյանին։
Կենտրոնական բանկում հետևում են նաև ԱՄՆ դաշնային ռեզերվի քայլերին․ նրանց հայտարարած՝ մարտին տոկոսադրույքի մոտ 1 տոկոս բարձրացումն արդեն իսկ խառնել է ֆինանսական շուկան, իջեցրել ինդեքսները։ Դա ինչպե՛ս կազդի Հայաստանի վրա՝ դեռ հայտնի չէ։
Գալստյանի թիմը որևէ կանխատեսում դեռ չունի՝ կշահի՞, թե՞ կկորցնի հայկական տնտեսությունը, եթե Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցություն սկսվի։ Ինչ վերաբերում է թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացմանը, գնաճի նվազման վրա մեծ ազդեցություն դրանից չեն սպասում։
Ուրախալի լուրերի շարքից՝ շտապում են արձանագրել․ շինարարությունում ու արդյունաբերությունում արձանագրվել է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, քովիդի նոր ալիքն էլ թեպետ արագ է տարածվում, ազդեցությունը բիզնեսի վրա դեռ մեղմ է:
Համակարգի ամփոփիչ թվերը 2022-ի մեկնարկին հետևյալն են․ բանկերի ընդհանուր ակտիվները հատել են 7 տրիլիոնի, պարտավորությունները՝ 6 տրիլիոն դրամի սահմանը։