Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պնդում է՝ 2018 թվականի ապրիլին հնչեցրած իր արտահայտությունը, թե Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, գործող իշխանությունը կտրել է համատեքստից: Այս մասին Սերժ Սարգսյանը հայտարարեց երեկ՝ հարցազրույցի ժամանակ:
Սերժ Սարգսյան (ՀՀ երրորդ նախագահ) - Իրենք ոչ թե վարկաբեկում են նախորդ գործընթացները, այլ իրենք փորձում են իրենց արդարացնել, թե ինչու վերջը ձախողվեցին:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը հիշում է 4 տարի առաջ Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի այդ ելույթը և անհասկանալի է որակում Սարգսյանի դժգոհությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցությունները սկսել է նոր կետից:
Սերժ Սարգսյան - Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում: Այն ուղղակի կանգնած է, որովհետև բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի մեզ համար: Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի իրոք բանակցային պրոցեսում աշխուժություն տիրի, ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի կայունություն ունենան և հիմք հանդիսանան բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար:
Ստյոպա Սաֆարյան (քաղաքագետ) - Եթե երկու և ավելի տարի շարունակ նրանք պնդում էին, որ Նիկոլ Փաշինյանը բանակցությունները շարունակի իրենց կետից, այդ դեպքում ինչ էին ակնկալում, եթե Սարգսյանն ինքն էր ասում, որ բանակցությունները փակուղու մեջ են:
Հայաստանի երրորդ նախագահն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի հարցով հանրաքվեի անցկացման հնարավորություններին, ընդգծեց՝ դրա մանրամասները երբևէ չեն քննարկվել, բայց ադրբեջանցիների մասնակցության վերաբերյալ մոտեցումները եղել են հստակ:
Սերժ Սարգսյան - Մեր դիրքորոշումը հետևյալն էր լինելու, որ հանրաքվեին ադրբեջանցիները կարող են մասնակցել ուղիղ այնպես, ինչպես իրենք մասնակցում են իբր Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին: Հո իրենք չեն գալիս քվեարկում: Թող իրենք որտեղ որ գտնվում են, այնտեղ քվեարկեն և քվեարկեն հօգուտ Ադրբեջանի: Մեր բնակչությունն էլ կքվեարկեր հօգուտ Հայաստանի:
Եթե հանրաքվեն տեղի ունենար, այն անցկացնելու էր Ադրբեջանը՝ համոզված է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, հավելելով՝ այդ սցենարը կարող էր վատագույն ելքն ունենալ:
Ստյոպա Սաֆարյան - Ադրբեջանը շատ տարիներ առաջ արդեն իսկ փոխել էր սահմանադրությունը՝ արգելելով իր տարածքի փոփոխության վերաբերյալ հանրաքվեների անցկացում կոնկրետ տարածաշրջանում և այդտեղի բնակիչների կողմից: Եթե Սերժ Սարգսյանը ներկայացնի մեդալի հակառակ կողմը, ապա պարզ կլինի, որ այն, ինչից չի վախենում Սարգսյանը կամ իր թիմը, դրանից պետք է վախենա առնվազն հայ հասարակությունը, որովհետև այդ հանրաքվեն, ըստ Ադրբեջանի սահմանադրության, պետք է անցկացվեր Ադրբեջանի ամբողջ տարածքում:
Ինչ վերաբերում է Արցախի ապագային, Սարգսյանը կրկնեց՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Երրորդ նախագահը խնդիր չի տեսնում այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում ընտրություն անցկացնելու դեպքում կարող են ընտրվել նաև ադրբեջանցի թեկնածուներ:
Սերժ Սարգսյան - Մենք ի՞նչ է, ֆաշի՞ստ ենք: Մենք ռասի՞ստ ենք, որ ասենք՝ Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի խորհրդարանը պետք է բաղկացած լինի զուտ հայերից: Եթե զուտ հայերից չի բաղկացած, դա նշանակում է, որ հայկական չի՞: Այսօր Հայաստանի Ազգային ժողովում զուտ հայե՞ր են ընտրված որպես պատգամավոր:
Սարգսյանի այս հայտարարությունը քաղաքագետը վտանգավոր է համարում: Ստյոպա Սաֆարյանն այդ դեպքում Արցախի պետական կառույցների ադրբեջանացման ռիսկ է նկատում:
Ստյոպա Սաֆարյան - Նման ելքի դեպքում ճիշտ հակառակը պետք է մտածել՝ արդյոք հնարավոր կլինե՞ր այնտեղ՝ Բաքվի Մեջլիսում, ունենալ հայ պատգամավոր: Որովհետև այլ ելք այդպիսի բանակցային պայմանավորվածություններն ու գործընթացը չէին թողնում:
Սերժ Սարգսյանը հերքեց մեղադրանքները, թե իրենց իշխանությունը հանրության առջև բավարար թափանցիկ չի եղել բանակցությունների հարցում:
Ստյոպա Սաֆարյան - 97-98 թթ. իրականացնելով պալատական հեղաշրջումը՝ նրանք հայ հանրությանը ներկայացրել են, թե դեմ են Տեր-Պետրոսյանի բանակցած տարբերակին, բայց իրականում Սարգսյանի կողմից համաձայնություն տրված վերջին տարբերակներն առանձնապես շատ չեն տարբերվում Տեր-Պետրոսյանի բանակցած տարբերակներից և հանրությանը ներկայացված մոդելից: Այժմ փորձում են ներկայացնել, թե իբրև իրենք կողմ են եղել փոխզիջումային տարբերակներին, բայց չբացատրելով, թե ինչպես հասարակությունը դարձավ ոչմիթիզական, իսկ իրենք, պարզվում է, բավականին թիզական էին և պատրաստ էին նախ՝ 5, ապա՝ նաև 2 շրջան հանձնել:
Հարցազրույցում երրորդ նախագահը պնդեց՝ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները 2020 թվականի պատերազմից հետո հայտարարում են, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ քաղաքագետը հիշեցնում է պաշտոնական Երևանի հայտարարությունները, որտեղ արձանագրվում է՝ հակամարտությունը լուծված չէ:
Նիկոլ Փաշինյան (12.10.2021) - Ղարաբաղյան խնդիրը մնում է չկարգավորված:
Նիկոլ Փաշինյան (26.11.2021) - ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո:
Արարատ Միրզոյան (06.10.2021, ՀՀ արտաքին գործերի նախարար) - Խնդիրը գոյություն ունի, և խնդիրը լուծում պահանջում է, այդ լուծման փնտրտուքը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով՝ միջազգային լիազոր մանդատ ունեցող միակ ֆորմատով:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների ապագայի մասին, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծեց՝ բանակցային գործընթացը վերականգնելու հնարավորությունը սպառված չէ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան