Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ անցյալ տարվա 11 ամսում երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով: Պուտինի խոսքով՝ հաջողվել է վառելիքի մատակարարումների կայունության հասնել «Գազպրոմի» հետ Բուդապեշտի համաձայնագրի շնորհիվ: Ղեկավարներն անդրադարձել են նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին: Դաշնության ղեկավարը հայտարարել է, որ այժմ մշակվում է Հունգարիային COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի արտադրության տեխնոլոգիան փոխանցելու հարցը:
*****
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը կրկին հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը շարունակել են կարծիքների փոխանակումն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Ռուսաստանին անվտանգության երաշխիքների տրամադրման հետ կապված հարցերով: Վլադիմիր Պուտինը ներկայացրել է այդ խնդիրների վերաբերյալ ՌԴ սկզբունքային մոտեցումները։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու հեռախոսային շփումները, ինչպես նաև դիտարկել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպման կազմակերպման հնարավորությունը: Պուտինի և Մակրոնի նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել հունվարի 28-ին: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակն էլ այսօր հայտնել է, որ տեսանելի ապագայում կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը: «Բոլոր մանրամասները վերջնականապես հստակեցնելուց հետո՝ կտեղեկացնենք»,- լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը:
*****
Ուկրաինան և Թուրքիայի կստորագրեն ազատ առևտրի մասին համաձայանագիր՝ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: 2 օրից նախատեսվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Կիև և հանդիպում Զելենսկու հետ: Թուրքիա-Ուկրաինա միջպետական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ Կիևում տեղի կունենա Բարձր մակարդակի ռազմակավարական խորհրդի 10-րդ նիստը։ 2011-ին ստեղծված այդ խորհրդի շնորհիվ թուրք-ուկրաինական հարաբերությունները բարձրացրել է ռազմավարական գործընկերության մակարդակի։
*****
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ապօրինի է ճանաչել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին թուրքական կողմի որոշումները: Այսօր հրապարակված ՄԻԵԴ-ի վճռի մեջ նշված է, որ 2016-ին անձեռնմխելիությունից զրկված և դատական գործընթացների մեջ ներգրավված «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության 40 պատգամավորի խոսքի ազատությունը խախտվել է: Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացն էլ բնութագրված է որպես «սահմանադրությանը հակասող»: Եվրադատարանի վճիռը Թուրքիային պարտավորեցնում է 5000-ական եվրո փոխհատուցում վճարել 40 պատգամավորի և վճարել նաև հայցվորների դատական ծախսերը:
*****
Մեծ Բրիտանիայի Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունն առգրավել է ադրբեջանցի քաղաքական գործիչ Ջավանշիր Ֆեյզիևի հետ կապ ունեցող բանկային հաշիվներում պահվող միլիոնավոր ֆունտ ստեռլինգի հասնող գումար։ Անցկացված հետաքննությունից հետո պարզ է դարձել, որ այդ միջոցները պատկանում են «Ադրբեջանական լվացքատանը»։ Ֆինանսական քննիչների որոշմամբ՝ Մեծ Բրիտանիա-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցության կոմիտեի ղեկավար, Ադրբեջան-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ Ջավանշիր Ֆեյզիևի ընտանիքին պատկանող բանկային հաշիվներին առկա 5,6 միլիոն ֆունտ ստեռլինգը բռնագանձվել է։ Կազմակերպված հետաքննության արդյունքում հանձնարարվել է սառեցնել Ֆեյզիևի կնոջը, նրա երեխաներից մեկին և եղբորորդուն պատկանող 6 հաշիվները։ Քննիչները կարծում են, որ այդ միջոցները լվացվել են Էստոնիայում և Լատվիայում կեղծ ընկերությունների բանկային հաշիվների միջոցով:
*****
Այսօր Չինաստանում և Արևելյան Ասիայի որոշ երկրներում նշում են Նոր տարին, որը նաև հայտնի է որպես Լուսնային նոր տարի կամ Գարնան տոն: Այս տարի Չինաստանում տոնական միջոցառումների թեմատիկան նվիրված է Ձմեռային օլիմպիական խաղերին: Երկրի տարբեր հատվածներում ներկայացվել են սառցե քանդակների ցուցադրություններ: Չինաստանի հյուսիսարևելյան Հարբին քաղաքում սառցե և ձյան քանդակների 23-րդ փառատոնը, չնայած ցուրտ եղանակին և COVID-19-ին, բավական մեծ թվով այցելուներ է ընդունել: