Փետրվարի 1-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը պարգևատրման հանդիսավոր արարողություն է իրականացրել՝ նվիրված Հայոց բանակի ստեղծման 30-ամյակին ու Հայրենյաց պաշտպանի օրվան:
Ողջույնի իր խոսքում դիմելով խրախուսվող անձնակազմին ու պարգևատրմանը նվիրված միջոցառման մասնակիցներին՝ ՊԲ հրամանատարը ներկայացրել է հայկական պետականության համար կարևորագույն նշանակություն ունեցող բանակի անցած ճանապարհը, արժևորել Հայրենիքի պաշտպանի կոչումը նաև այսօր բարձր պահող զինվորականներին և փաստել, որ մեր անվտանգության ու վաղվա օրվա նկատմամբ ունեցած հավատի հիմքերը ամուր կարող են լինել միայն բոլորիս հետևողական ու նվիրված ծառայության շնորհիվ:
Բանակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Նորայր Մկրտչյանը անդրադարձել է ՊԲ-ի ստեղծման պատմությանն ու մարտական անցյալին՝ ամբողջացնելով նաև այն առաքելության նշանակությունը, որը դրված է այսօր Արցախի պաշտպանական համակարգի առջև:
Այնուհետև հրապարակվել են Արցախի նախագահի, պաշտպանության նախարարի, ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հրամանները, որոնց համաձայն՝ պարգևներ են հանձնվել Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման գործում աչքի ընկած և այսօր էլ իրենց ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարող մի շարք զինծառայողների:
Պարգևատրման արարողությանը հաջորդել է գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանի շնորհավորանքի խոսքը, որից հետո ներկաների համար ցուցադրվել է «Երբ հողը դառնում է հայրենիք» հեռուստաֆիլմը: