ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱՎԵՃ ՄԱԿ-Ի ԱԽ-ՈՒՄ
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև լարվածությունը երեկ տարածվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանալ. Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կառույցը երեկ հանդիպում է անցկացրել։ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի նիստը սադրիչ է որակել ՝ մեկնաբանելով, որ Ուկրաինայի սահմանին վերագրվող սպառնալիքներն ուռճացված են:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ասել է, որ Ռուսաստանը Բելառուս է ուղարկել տասնյակ հազարավոր զինծառայողներ և մեծ թվով հրթիռներ: Դիվանագետը մեղադրել է Ռուսաստանին՝ Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմաններին ավելի քան 100000 զինծառայող տեղակայելու համար, որոնք պատրաստվում են հարձակողական գործողություններ իրականացնել Ուկրաինայում:
Ռուսաստանի ներկայացուցիչը հակադարձել է՝ պնդելով, որ որևէ ապացույց չկա, թե Մոսկվան ռազմական գործողություններ է ծրագրում Ուկրաինայի դեմ: «Մեր արևմտյան գործընկերները խոսում են դեէսկալացիայի անհրաժեշտության մասին, բայց առաջին հերթին իրենք են հրահրում լարվածություն»,- ասել է Նեբենզյան: «Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, այլևս մեզնից ոչ ոք չի կարողանա ասել, թե դա անսպասելի էր: Հետևանքները սարսափելի կլինեն: Հենց դրա համար է այսօրվա հանդիպումն այդքան կարևոր»,- նշել է Թոմաս-Գրինֆիլդը և հավելել, որ Վաշինգտոնը չի ուզում ռազմական առճակատում, սակայն պատրաստ է իրավիճակի վատթարացման դեպքում վճռական պատասխան տալու:
ԱՄՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԻՆՔՆԱԹԻՌԸ՝ ԿԻԵՎՈՒՄ
Ուկրաինա է հասել ԱՄՆ-ի կողմից ռազմատեխնիկական օգնության շրջանակներում զինամթերքի հինգերորդ խմբաքանակը՝ հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը: Նա տեղեկացրել է, որ Վաշինգտոնը տարբեր տրամաչափի ևս 84 տոննա փամփուշտ է ուղարկել Կիև: Նախարարը մանրամասնել է, որ առաջիկա օրերին սպասում են ռազմատեխնիկական օգնության նոր փաթեթների ԱՄՆ-ից: Հունվարի երկրորդ կեսին ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից ավելի քան 15 չվերթ է կատարվել Ուկրաինա՝ զենք և ռազմական տեխնիկա մատակարարելու համար:
ՀԱՊԿ-ԻՆ ԿԻՑ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Ղազախստանի իշխանությունները նախատեսում են Մոսկվայում բացել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կից մշտական ներկայացուցչություն. ասված է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրի նախագծում: Այն հանրային քննարկման է դրվել: Փաստաթուղթը մշակվել է՝ կազմակերպությանը կից մշտական խորհրդում Ղազախստանի լիազոր ներկայացուցչի կարգավիճակը ՀԱՊԿ նորմատիվ իրավական, բազային և դիվանագիտական ծառայության ոլորտում հանրապետության օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով:
ԼՈՒՍՆԱՅԻՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՉԺՀ-ՈՒՄ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՍԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Այսօր Չինաստանում և Արևելյան Ասիայի որոշ երկրներում նշում են Նոր տարին, որը նաև հայտնի է որպես Լուսնային Նոր տարի կամ Գարնան տոն: Այս տարի Չինաստանում տոնական միջոցառումների թեմատիկան նվիրված է Ձմեռային օլիմպիական խաղերին: Երկրի տարբեր հատվածներում ներկայացվել են սառցե քանդակների ցուցադրություններ: Չինաստանի հյուսիսարևելյան Հարբին քաղաքում սառցե և ձյան քանդակների 23-րդ փառատոնը, չնայած ցուրտ եղանակին և COVID-19-ին, բավական մեծ թվով այցելուներ է ընդունել: