ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ երաժշտական և արվեստի դպրոցներում առաջին անգամ մեկնարկել են ներառականության ապահովմանն ուղղված դասընթացները:
Դասընթացներն իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը»:
Ծրագրի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները չեն մեկուսանա ընդհանուր կրթական համակարգից, կկարողանան ստանալ ներառական ու որակյալ կրթություն և կիրացնեն գեղարվեստական կրթություն ստանալու իրենց իրավունքը:
Ուսումնական շուրջ 26 հաստատության 500 մանկավարժ հունվարից մայիս և սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին դասընթացներին մասնակցելու հնարավորություն կունենա: Արդյունքում ակնկալվում են մանկավարժների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում, գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կրթության և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկվածության աճ, ինչպես նաև վերջիններիս կրթության իրավունքի ապահովում:
Ծրագրի բանախոսները ոլորտի շուրջ 10 առաջատար մասնագետներ են, որոնք կիրականացնեն տեսական և գործնական դասընթացներ: