Հասարակական տրանսպորտը մայրաքաղաքում շարունակում է գերբեռնված երթևեկել։ Առավոտյան աշխատանքի գնալիս, երեկոյան տուն վերադառնալիս գրեթե նույն պատկերն է։
Համաճարակային իրավիճակը երկրում թեև լարված է, բայց քաղաքացիները տրանսպորտում շարունակում են պատշաճ չպահպանել հակահամաճարակային կանոնները։
Հակոբ Բաղդասարյան, ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի գլխավոր մասնագետ - Նստատեղերից ավելի ուղևորներ ենք տեսնում, հիմա պարեկային ծառայության աշխատակիցը կմոտեցնի համապատասխան փաստաթղթերը, նախազգուշացում կկազմենք կազմակերպության տնօրենի նկատմամբ, փոստով կուղարկենք իրենց:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն Արաբկիրում արձանագրություններ կազմեցին հիմնականում համատարած դիմակ չդնելու, սրահում ախտահանիչ միջոցներ չունենալու և վարորդական փաստաթղթերում առկա խախտումների համար։
Խախտումները նույնն են բոլոր վարչական շրջաններում։ Տեսուչները Կոմիտասի պողոտայում երեկոյան 58 տրանսպորտ ստուգեցին, 4 արձանագրություն կազմեցին:
Անցնող երկու շաբաթում տեսչականի մասնագետները 382 ներքաղաքային տրանսպորտ են ստուգել ու մոտ տասը տոկոսի մոտ խախտում հայտնաբերել, տեղում արձանագրություն կազմել, հիմնականում՝ նախազգուշացրել։
Հակոբ Բաղդասարյան - Արձանագրման կարգը հետևյալն է. զգուշացնում ենք նամակով, երկրորդ անգամ նույն խախտումը կրկնվելու դեպքում նորից նույն արձանագրությունը կազմում ենք և ուղարկում վարույթ իրականացնող մարմին:
Իսկ նախազգուշացմանը հաջորդում է ավելի մեծ վարչական պատասխանատվություն: Տեսչականի մասնագետի խոսքով՝ եթե նույն վարորդին խախտման համար արդեն տուգանել են, դա չի նշանակում, որ երկրորդ կամ երրորդ դեպքերում աչք են փակելու։