Հայաստանից նախորդ տարի առաջին անգամ 3 միլիարդ դոլարից ավելի ապրանք է արտահանվել: 2020 թվականին ցուցանիշը 2 միլիարդ 510 միլիոն էր: 2019-ին՝ 2 միլիարդ 620 միլիոն: Արդյունքում՝ նախորդ տարի, 2020 թվականի համեմատ, արտահանման ցուցանիշն ավելացել է 19,1 տոկոսով: Հատկանշական է, որ ներմուծումը նույն ժամանակահատվածում աճել է 16,9 տոկոսով: Արդյունքում՝ արտահանման և ներմուծման հարաբերակցությունը կրկին կրճատվել է: 2021 թվականին Հայաստան է ներմուծվել 5 միլիարդ 356 միլիոն դոլարի ապրանք: Նման ցուցանիշի հաջողվել է հասնել, առաջին հերթին, արտահանվող ապրանքների քանակի ավելացման արդյունքում՝ նկատում է տնտեսագետ Արմեն Քթոյանը:
Արմեն Քթոյան, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ - Արտահանման կառուցվածքն էական փոփոխությունների չի ենթարկվել: Առանձին ապրանքատեսակների առումով ավելացում կամ նվազում կարող է լինել:
Հայաստանի տնտեսության համար նպաստող գործոններից են պղնձի միջազգային գները, որոնք շարունակում են բարձր մնալ: Մեր երկրին որոշակիորեն հաջողվել է ավելացնել արտահանվող ապրանքների ցանկը, սակայն դրանց մասնաբաժինն արտահանման ընդհանուր ծավալում դեռ զգալի չէ: Խոսքը, օրինակ, գինեգործության ոլորտի մասին է: Այս ապրանքատեսակի արտահանումը 2021-ին աճել է ավելի քան 20 տոկոսով: Սակայն գումարային արտացոլումն ընդամենը 5 միլիոն դոլար է: Ապագայում արտահանման ծավալների աճի բարձր տեմպը պահպանելու համար անհրաժեշտ է լրացնել արտահանման կառուցվածքը:
Արմեն Քթոյան - Եթե մենք ցանկանում ենք վճարային հաշվեկշռի արմատական բարելավում, դա կարող է լինել հավելյալ արժեքի մեծ բաղադրիչ ունեցող ապրանքախմբերի արտահանումը խթանելը: Պատրաստի արտադրանքի արտահանումը, գիտատար ապրանքի արտահանումը: Գիտատար արտադրանքի արտահանումը մեր արտահանման կառուցվածքում բավականին ցածր է:
Խոսքն, առաջին հերթին, վերամշակող արդյունաբերության մասին է, որը նաև նոր աշխատատեղեր ապահովելու առումով կարևոր նշանակություն ունի: Տնտեսագետ Բագրատ Ասատրյանն արտահանման վերջին բարձր ցուցանիշները պայմանավորում է այն հանգամանքով, որ Հայաստանն սկսել է իրեն ավելի վստահ զգալ Եվրասիական տնտեսական միությունում:
Բագրատ Ասատրյան, տնտեսագետ - Միտումը կա, պայմանավորված է քաղաքական, տնտեսական զարգացումներով: Կոնկրետ, ԵԱՏՄ ձևավորմամբ և Հայաստանի անդամակցությամբ, որը լրացուցիչ հնարավորություններ ստեղծեց: Այդ պահից հետո մենք մոտ 6 տարի է ունենք արտահանման բավականին ինտենսիվ, գոնե ներմուծումից ավելի բարձր տեմպերով աճ:
Արտահանման ծավալի աճի շարունակականությունն անհրաժեշտություն է Հայաստանի տնտեսության համար՝ նկատում է տնտեսագետը, շեշտում՝ հաջողելու դեպքում հնարավոր կլինի արտահանման և ներմուծման ներկայիս հարաբերակցությունը: