Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
Մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոններին որոշել են կանայք: 6 տարվա դադարից հետո մեծ սպորտ է վերադարձել Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն ու 87 կգ քաշային կարգում նվաճել Հայաստանի չեմպիոնությունը:
Խուրշուդյանը երկամարտի 216 կգ արդյունքով (99+117) է նվաճել Հայաստանի առաջնության ոսկե մեդալները։
Հայաստանի չեմպիոններ են դարձել նաև Նատալիա Սարգսյանը (45 կգ), Գյուլնարա Տիգրանյանը (49 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Իզաբելա Յայլյանը (59 կգ), Վալենտինա Մովսիսյանը (64 կգ), Մարիամ Միքայելյանը (71 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), Տաթև Հակոբյանը (81 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (87+ կգ):
Կանանց ստուգատեսին ընդհանուր առմամբ 35 մարզուհի է մասնակցել: Տղամարդկանց առաջնությունը կմեկնարկի վաղը՝ փետրվարի 2-ին. 5 օր շարունակ 10 քաշային կարգերում Հայաստանի ուժեղագույն ծանրորդները կպայքարեն չեմպիոնի կոչման համար:
Տղամարդկանց մրցումներին մոտ 130 ծանրորդ կմասնակցի:
Հայաստանի ծանրամարտի հավաքականը երեկ՝ հունվարի 31-ին, ավարտել է տարվա առաջին ուսումնամարզական հավաքն Աբովյանում, որին 11 ծանրորդ է մասնակցել:
Մարզիչ Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ հավաքը լավ է անցել. «Առաջին երկու հավաքը միշտ էլ ավելի շատ վերականգնողական բնույթ է կրում: Տեսնում ենք՝ ինչ վիճակում են ծանրորդներն ու ըստ այդմ պատրաստվում ենք Հայաստանի առաջնությանը: Առաջնությունից հետո նորից հավաքներ կունենանք Աբովյանում, Ծաղկաձորում և Օլիմպավանում՝ նախապատրաստվելով արդեն Եվրոպայի առաջնությանը»: