ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մեծամոր համայնքի ղեկավարի, Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների, հայաստանյան և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ մարզպետարանում այսօր խորհրդակցություն է անցկացրել՝ Արցախի Հանրապետությունից տեղահանված և մարզում բնակություն հաստատած արցախցիների խնդիրներին վերաբերող հարցերի շուրջ:
Ներկայացնելով մարզում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիների ընդհանուր թիվը, տեղաբաշխվածությունը և սոցիալական հիմնական խնդիրները՝ մարզպետն առաջարկել է համատեղ գործնական քայլեր իրականացնել՝ տեղահանվածների շրջանում կարճաժամկետ լուծում պահանջող ծրագրերից դրանց հիմնական լուծմանն անցնելու նպատակով:
Քննարկելով մինչ այժմ տեղահանված արցախցիների շրջանում իրականացված և շարունակվող բազմապրոֆիլ ծրագրերը, գրանցված արդյունքները և ընթացիկ հարցերը՝ կարևորվել է կարճ ժամանակահատվածում ապահովել կարիքի և ներուժի գնահատում՝ շահառուներին առավել հասցեական և նպատակային աջակցություն ցուցաբերելու համար:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն առաջարկել է կողմերի համաձայնությամբ կազմել տեղահանված արցախցիներին վերաբերող խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների ծրագիր՝ նախատեսվող աշխատանքներն առավել համակարգված և ամրագրված պարտավորություններով իրականացնելու համար: