Հայաստանի կինոմիությունն ու «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնը դարձյալ համախմբել են իրենց բարեկամներին, որոնց աջակցության շնորհիվ կայացել և կայանում է «Ոսկե ծիրանը», իսկ այժմ նաև՝ Ազգային սինեմատեքը: Վաղեմի բարեկամներին ու աջակիցներին՝ Հայաստանում ներկայացված մի քանի դեսպանատների, կազմակերպությունների, անհատների, ինչպես նաև ոլորտային նախարարության աջակցությունը գնահատվում է շնորհակալագրերով, իսկ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը նաև իր ստորագրությունն է թողնում մեր մշակույթի մեծերի՝ Խաչատրյանի, Սարոյանի և մյուսների ստորագրությունների կողքին: Հյուրերին ներկայացնում են Ազգային սինեմատեքի ներկան ու ապագայի ծրագրերը:
Ազգային սինեմատեքի հայեցակարգը սոսկ ներդրումային նախագիծ չէ, այլ մի ծրագիր, որը հնարավորություն կտա Հայաստանում ունենալ որակապես նոր կրթական, մշակութային, զբոսաշրջային միջավայր, որը և կառանձնանա և՛ ստեղծարարությամբ, և՛ տեխնոլոգիական նորարարությամբ: Այժմ արդեն սինեմատեքը համալրվել է լուսային ու ձայնային նոր տեխնիկայով, որոնք հնարավորություն կտան այստեղ անցկացնել փառատոներ, նաև կնպաստեն Ազգային սինեմատեքի ստեղծարար, կրթական, մշակութային, զբոսաշրջային մոդուլների զարգացմանը:
Կինոմիությունն իր երեք կինոդահլիճներով և սինեմատեքի ամբողջ ներուժով կվերածվի մի մուլտիպլեքսի, որը կարող է լավագույն հարթակ դառնալ ոչ միայն «Ոսկե ծիրանի», այլև բոլոր ներկայանալի մշակութային միջոցառումների համար:
«Ազգային սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական, մշակութային, զբոսաշրջային միջավայր» նախագիծը մշակվել է շուրջ 3 տարի՝ բարձրակարգ պրոֆեսիոնալ աշխատանքային խմբերի կողմից՝ հեռահար նպատակ ունենալով Երևանի կենտրոնում ստեղծել բացառիկ ստեղծարար մի միջավայր, որն իր գեղագիտությունը կտարածի ամբողջ Երևանում: