ԱՊՀ երկրների կենտրոնական ընտրական հանձնաժողովներն արդեն հրավեր են ստացել՝ հետևելու Բելառուսի սահմանադրական հանրաքվեի ընթացքին: Այդ մասին հայտնել է ընտրությունների և հանրապետական հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն, հայտնում է БЕЛТА գործակալությունը:
«ԿԸՀ-ն հրավերներ է ուղարկել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ԿԸՀ ներկայացուցիչներին, այսինքն՝ ԱՊՀ երկրներին: Օտարերկրյա դիտորդներ հրավիրելու իրավունք ունեն նախագահը, խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը, Հանրապետության խորհուրդը, նախարարների խորհուրդը և արտաքին գործերի նախարարությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգտվել է իր իրավունքից»,- նշել է Կարպենկոն։
Բելառուսի նախագահը հունվարի 20-ին հրամանագիր է ստորագրել «Հանրապետական հանրաքվե նշանակելու մասին»: Քվեարկության հիմնական օրը նշանակված է փետրվարի 27-ին: Սահմանադրության մեջ փոփոխությունների և լրացումների օգտին քվեարկել հնարավոր կլինի նաև վաղաժամկետ՝ փետրվարի 22-26-ը ներառյալ: