Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բասկետբոլի Vbet Ա լիգայի կանոնավոր առաջնությունը: Մինչ օրս կայացած հանդիպումներից հետո «Ուրարտուն» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 38 միավոր:
Հունվարի 14-ից ի վեր «Ուրարտուն» Ա լիգայի կանոնավոր առաջնության շրջանակում անցկացրել է 5 հանդիպում և տարել նույնքան հաղթանակ: Այս ընթացքում թիմը նախ 89:84 հաշվով առավելության է հասել «ԱԻԱ սթարսի» նկատմամբ, ապա 100:81 հաշվով հաղթել է «Գյումրիին», 99:96 հաշվով՝ «Արարատին», 98:85 հաշվով՝ ՖԻՄԱ-ին, 110:98 հաշվով էլ ուժեղ է գտնվել ԲԿՄԱ-ից:
Մրցաշարային աղյուսակում «Ուրարտուին» 33 միավորով հետևում է «Էրեբունին»: Թիմն այս ընթացքում 3 հաղթանակ է տարել ՖԻՄԱ-ի (109:95), ԲԿՄԱ-ի (137:97) ու «Արարատի» նկատմամբ (99:98) և կրել է 1 պարտություն «ԱԻԱ սթարսից» (77:78):
ԲԿՄԱ-ի և «Գյումրիի» միջև խաղում ԲԿՄԱ թիմի խաղացող Բրայս Սաքստոնը վաստակել է 56 միավոր և նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով «Էրեբունիի» բասկետբոլիստ Էդվին Քոլին, որը մեկ խաղում հավաքել էր 50 միավոր:
Լավագույն եռյակն այս պահին 28 միավորով եզրափակում է «ԱԻԱ սթարսը»:
Առաջիկա օրերին բասկետբոլի Vbet Ա լիգայի կանոնավոր առաջնության շրջանակում 5 հանդիպում կկայանա:
Այսօր՝ փետրվարի 1-ին, ՖԻՄԱ-ն կմրցի «Էրեբունիի» հետ, խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին, իսկ «Արարատն» ուժերը կչափի ԲԿՄԱ-ի հետ: Այս խաղի մեկնարկն էլ 21:00-ին է: Փետրվարի 2-ին՝ ժամը 18:00-ին, կմեկնարկի «Գյումրի»-«Էրեբունի» հանդիպումը: Եվս երկու խաղ կկայանա փետրվարի 3-ին: Ժամը 17:00-ին միմյանց հետ կմրցեն «ԱԻԱ Սթարսն» ու ՖԻՄԱ-ն, 20:00-ին կմեկնարկի ԲԿՄԱ-«Արարատ» հանդիպումը: