Սույն թվականի հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էին երկու միջնորդություններ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։
Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունները բավարարել:
Նշենք, որ միայն ԲԴԽ-ի համաձայնությունիից հետո է հնարավոր քրեական հետապնդում իրականացնել դատավորի նկատմամբ:
Հիշեցնենք, որ նման միջնորդություններ երեկ ԲԴԽ էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազը:
Քրեական գործը, որով անցնում է դատավորը, քննվում է Ազգային անվտանգության ծառայությունում: Դատախազությունից, սակայն, գործի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն չեն տրամադրել՝ նշելով, որ առավելագույնս ապահովվում է վարույթի գաղտնիությունը:
Բորիս Բախշիյանը քննել է մի շարք աղմկոտ գործեր: Օրեր առաջ էլ նրա որոշմամբ ազատ էր արձակվել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:
Շահարկումներից խուսափելու համար գլխավոր դատախազի խորհրդականը «Լուրերին» հայտնել էր, որ Բախշիյանին առնչվող քննությունը որևէ կապ չունի Մինասյանի գործի հետ:
Խոսքը դատավորի գործունեության հետ կապված այլ դեպքի մասին է, որը իրավապահների ուշադրության կենտրոնում է եղել ավելի վաղ, քան Մինասյանին առնչվող որոշումն է կայացվել: