Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանի Գառնաքար, Շահմասուր, Ծմակահող և Հաթերք համայնքներում:
Երկրի ղեկավարը տեղերում հետաքրքրվել է առկա խնդիրներով, լսել բնակիչների զբաղվածությունն ապահովելու հետ կապված առաջարկները, նրանց հետ քննարկել անելիքները:
Անդրադառնալով ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրերին՝ նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ Գառնաքար, Շահմասուր և Ծմակահող համայնքները մայրուղուն կապող ճանապարհները այս տարի կասֆալտապատվեն, խմելու ջրի խնդրի համալիր լուծման համար նշված երեք համայնքներին կհատկացվի համապատասխան պետական աջակցություն, ինչպես նաև տնտեսական գործունեությունն ակտիվացնելու նպատակով համայնքների բնակիչներին կտրվեն մեղվափեթակներ և անասնագլխաքանակ: Այդ համայնքներում կիրականացվեն նաև ենթակառուցվածքային այլ աշխատանքներ։ Նախագահի հորդորն էր օգտագործել ողջ պոտենցիալը և ազատ բնակֆոնդի հաշվին ավելի շատ տեղահանված ընտանիքների ընդունել:
Հաթերքում քննարկված օրակարգն ավելի ընդգրկուն էր: Նախագահը բարձր է գնահատել անցած տարում համայնքի ղեկավարի` գյուղի ազատ բնակֆոնդի հաշվին տեղահանված 40 ընտանիքների ընդունելու և բնակարաններով ապահովելու նախաձեռնությունը, որի արդյունքում Հաթերքում բնակչություն թիվը զգալիորեն աճել է։ Նա հանձնարարել է շարունակել այդ գործընթացը` հաշվի առնելով համայնքում դեռևս առկա ազատ բնակֆոնդը և տեղահանված արցախցիների` հատկապես այստեղ ապրելու ցանկությունը։
Քննարկվել են նաև համայնքի արտաքին լուսավորության, ներհամայնքային ճանապարհների բարեկարգմանը, ոռոգման ցանցի կառուցմանը, հիվանդանոցի համար շենքային նոր պայմանների ստեղծմանը, ինչպես նաև ժամանցի, զբաղվածության խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր:
Այցի ընթացքում նախագահին ուղեկցել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք: