Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանի հրավերով այսօր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը բաց դասախոսությամբ է հանդես եկել ֆակուլտետի ուսանողների համար։
«Ուսանողների հետ ունեցել ենք քննարկում վերջին տարիների առողջապահական բարեփոխումների մասին, վերջիններս ուղղել են ոլորտին առնչվող ամենատարբեր բովանդակությամբ հարցեր, այդ թվում` հակածխախոտային օրենքի, առողջության առաջնային պահպանման օղակի, ուռուցքաբանության ոլորտի, բժշկական կրթության և առողջության համապարփակ ապահովագրության մասին:
Շատ եմ կարևորել առողջապահական բարեփոխումները քաղաքական ավելի լայն համատեքստում դիտարկելը` նշելով, որ առկա խնդիրների լուծման համար անչափ կարևոր է որոշում կայացնողների ճիշտ հաղորդակցությունը, որոշումների պատշաճ հիմնավորումները և քաղաքական հաստատակամությունն ու կամքը:
Ուսանողներին խոստացա, որ ապագայում կրկին նմանատիպ ֆորմատով հանդիպում կունենամ նրանց հետ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թորոսյանը։