ԱՄՆ պետքարտուղարությունը կարգադրել է իր դիվանագետների ընտանիքներին դուրս բերել Բելառուսից՝ Ուկրաինայի շուրջ լարվածության հնարավոր սրման պատճառով։ Այդ մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Բելառուս՝ «օրենքների կամայական կիրառման, ձերբակալման սպառնալիքի, ինչպես նաև Բելառուս-Ուկրաինա սահմանի երկայնքով Ռուսաստանի ռազմական ներուժի ավելացման պատճառով»:
Բելառուսի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը մեկնաբանել է պետքարտուղարության կարգադրությունը՝ նշելով, որ Բելառուսն առաջին երկիրը չէ, որտեղ ԱՄՆ-ը փոխում է իր հաստատությունների աշխատանքի ռեժիմը: Նա նշել է, որ ամերիկյան կողմն իրավունք ունի նման որոշումներ կայացնելու։