Մեծ Բրիտանիայի Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունն (NCA) առգրավել է ադրբեջանցի քաղաքական գործիչ Ջավանշիր Ֆեյզիևի հետ կապ ունեցող բանկային հաշիվներում պահվող միլիոնավոր ֆունտ ստեռլինգի հասնող գումար։ Անցկացված հետաքննությունից հետո պարզ է դարձել, որ այդ միջոցները պատկանում են «Ադրբեջանական լվացքատանը»։
Ֆինանսական քննիչների որոշմամբ՝ Մեծ Բրիտանիա-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցության կոմիտեի ղեկավար, Ադրբեջան-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ Ջավանշիր Ֆեյզիևի ընտանիքին պատկանող բանկային հաշիվներին առկա 5,6 միլիոն ֆունտ ստեռլինգը բռնագանձվել է։
Կազմակերպված հետաքննության արդյունքում հանձնարարվել է սառեցնել Ջ. Ֆեյզիևի կնոջը՝ Փարվանա Ֆեյզիևային, նրա երեխաներից մեկին՝ Օրխան Ջավանշիրին և եղբորորդուն՝ Էլման Ջավանշիրին պատկանող 6 հաշիվները։
Քննիչները կարծում են, որ այդ միջոցները լվացվել են Էստոնիայում և Լատվիայում կեղծ ընկերությունների բանկային հաշիվների միջոցով: Որոշ փոխանցումներ օրինական և անհրաժեշտ փաստաթղթերով են իրականացվել, սակայն Լոնդոնի Վեստմինսթերի դատարանում երեք շաբաթ տևած դատավարությունից հետո հայտարարվել է, որ անվիճելի ապացույցներ կան առ այն, որ այդ փաստաթղթերն ամբողջությամբ կեղծ են և պատրաստվել են փողերի լվացումը թաքցնելու համար։
Ընդհանուր առմամբ՝ սառեցված գումարի ծավալը կազմել է 15,3 մլն ֆունտ ստեռլինգ, որից 5,6 մլն ֆունտ ստեռլինգը բռնագանձվել է։