Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրել առաջիկա երկու օրերի ընթացքում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Գերագույն ռադայում փետրվարի 1-ի իր ելույթում:
«Մոտ օրերս պատրաստվում ենք Թուրքիայի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել։ Մեր խմբերն աշխատում են: Ես վստահ եմ, որ մենք համաձայնության կհասնենք»,- ասել է Զելենսկին:
Anadolu լրատվական գործակալության տվյալներով՝ 2021 թ. Ուկրաինայի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 5 մլրդ դոլար։ Երկու երկրների կառավարությունների նպատակը դրա ավելացումն է մինչև 10 մլրդ դոլար:
Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը պատրաստվում է Կիև այցելել փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում: