Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում, կողմերին անհրաժեշտ կլինի մի քանի շաբաթ՝ վերջնական համաձայնության հասնելու համար: Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցչի:
Նրա խոսքով՝ Թեհրանը պետք է կողմնորոշվի՝ պատրա՞ստ է արդյոք ամիսներ տևած բանակցություններից հետո ապամոնտաժել միջուկային արտադրության իր սարքավորումների մեծ մասը՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց:
Պետքարտուղարության մեկ այլ պաշտոնյա ևս կանխատեսել է բանակցությունների շուտափույթ ավարտ: «Մենք այժմ գտնվում ենք ճանապարհի վերջնական հատվածում։ Ինչպես արդեն ասել ենք, այդ բանակցությունները չեն կարող հավերժ շարունակվել։ Սա կանխատեսում, սպառնալիք կամ արհեստականորեն սահմանված ժամկետներ չեն: Սա ընդամենը պահանջ է, որը մենք հասցրել ենք Իրանին և «5+1» խմբի բոլոր անդամներին»,- ասել է ամերիկացի դիվանագետը:
2021 թ. ապրիլից Իրանի միջուկային գործարքի վերականգնման նպատակով Վիեննայում բանակցությունների ութ փուլ է անցկացվել, որոնք դեռևս հստակ արդյունքներ չեն արձանագրել: